ԱՅԴ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔԸ՝ ՈՉԻՆՉ ՉԱՆԵԼ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդում է։ Իսկ մինչ այդ ինչ-որ մեկն զգո՞ւմ էր նրա ներկայությունը, պետության գլխի նրա գործառույթների իրացումը Բաղրամյան 26-ից։ Զուտ արարողակարգային ընթացակարգերով զբաղվող և իրեն բացառապես հաճելի հոգսեր վերագրած այս անձը, պետք է հիշել, պետության թեև անվանական, բայց ղեկավարն է։

Մինչդեռ ավելի քան երեք տարի է՝ նա իրեն պահում է որպես վարչապետի կամակատար կամ նույնիսկ ենթակա հենց նույն արարողակարգային հարցերում, երբ, ասենք, որևէ պաշտոնական միջոցառմանն ինքն է սպասում վարչապետի ժամանմանը, ոչ թե հակառակը։ Պատկերացրեք՝ որևէ խորհրդարանական երկրում, օրինակ՝ հենց իր սիրելի Միացյալ Թագավորությունում, վարչապետն սպասեցներ թագուհուն։ Այնպես որ՝ բրիտանական թագուհու կարգավիճակի վերագրումն Արմեն Սարգսյանին իրականում մեծ շռայլություն է։

Ընդդիմության կողմից բազմիցս քննադատված նախագահի նկատմամբ, պետք է ընդունել, հանրային մոտեցումը որոշակիորեն փոխվեց, երբ նա հապաղում էր ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության միջնորդագրի ստորագրման հարցում։ Հարթակային ընդդիմադիրները, չգիտես, թե ինչ հաշվարկով, ենթադրում էին, որ Արմեն Սարգսյանը կարող է դեմ գնալ վարչապետին և քաղաքական մեծամասնությանը, անգամ զարմանալիորեն գովերգում էին նրան։

Ինչպես և ակնկալվում էր, նախագահն ընդամենը ժամանակ ձգեց և փորձեց խուսանավել քավության նոխազ դառնալուց թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից։ Երկու թևերն էլ բարձրացնում էին խաղադրույքները, ՀՓՇ ղեկավարությունը մի քանի անգամ հանդիպեց նրան և ըստ ամենայնի հնարավոր իշխանափոխության դեպքում իր պաշտոնավարման շարունակման երաշխիքներ տվեց, իշխանությունն էլ, նախագահի վտանգավոր կամուկացը տեսնելով, հրապարակայնորեն սպառնաց իմփիչմենթով։ Եվ Արմեն Սարգսյանը, բնականաբար, արագորեն կողմնորոշվեց հօգուտ իշխանության։

Մինչդեռ ընդդիմադիրներին պետք էր հիշեցնել, որ հանրապետության նախագահի այս սպասողական, երկդիմի, խուսափողական քաղաքականությունը բնավ առաջին անգամ չէ, որ բանեցվեց հանրահավաքային պայքարի թերևս ամենավճռորոշ օրերին։ Սկսած 2018 թվականից՝ նա շատ է նմանատիպ իրավիճակներ ստեղծել՝ արտաքուստ ճգնաժամի հաղթահարման փորձ անելով, իրականում՝ այդ ճգնաժամն ավելի խորացնելով։

Այսօր քչերն են հիշում, որ Արմեն Սարգսյանն անընդունելի անգործություն է ցուցաբերել 2020 թվականի մարտի հակասահմանադրական հանրաքվեի նախ նշանակման, ապա դրա հակասահմանադրական չեղարկման հարցում՝ փաստացի ձեռնպահ մնալով իր սահմանադրական պարտականությունների կատարումից։ Նախագահի լռելյայն համաձայնությամբ է տեղի ունեցել խորհրդարանում Սահմանադրության անցումային դրույթների հակասահմանադրական փոփոխությունը, որով ապօրինաբար փոխվել է բարձր դատարանի կազմը։

Ի վերջո, հանրապետության նախագահը լուռ էր, երբ ֆիզիկական գրոհի էին ենթարկվում Հայաստանի առաջին և երրորդ իշխանությունների շենքերը՝ Հայաստանի խորհրդարանը 2018-ի հոկտեմբերին, և դատարանները՝ 2019-ի մայիսից առայսօր։ Մինչդեռ սահմանադրորեն նախագահն իր սահմանադրական լիազորություններն իրականացնելիս պետք է անաչառ լինի և առաջնորդվի բացառապես համապետական և համազգային շահերով։ Միգուցե բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու՝ դեռևս միայն Նիկոլ Փաշինյանի իբր տեսած թո՞ւղթն է, որ կաշկանդում է Արմեն Սարգսյանի անաչառությունը։

Ի դեպ, նախագահի սահմանադրական գործառույթը շատ հստակ է՝ հետևել Սահմանադրության պահպանմանը։ Չար լեզուներն ասում են, որ Արմեն Սարգսյանը սիրում է իր շրջապատում կատակել՝ ասելով, թե Մայր օրենքի հեղինակները չեն գրել՝ նախագահը ձիու վրա նստա՞ծ, թե՞ կանգնած է հետևում Սահմանադրության պահպանմանը։ Անգլիական նուրբ հումորն, իհարկե, գնահատելի է, բայց պետք է ընդունել, որ սեփական լիազորությունների զիջման և դերի նսեմացման, միաժամանակ՝ պետության իրական օրակարգերին բացարձակ օտարվածության և անհաղորդության հարցում Արմեն Սարգսյանն իրոք որ բացառիկ է։