Ավստրալացի 16 հայտնի քաղաքական գործիչներ միացել են Արցախի ավստրալիացի բարեկամների խմբին

Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հաղորդում է, որ դաշնային սենատորներ Էնդրյու Բրեգի և Ժանեթ Ռայսի ղեկավարությամբ Արցախի ավստրալացի բարեկամների մշտապես աճող խմբին են միացել ևս 16 նշանավոր գործիչներ՝ սատարելու Արցախի հայկական հանրապետության ինքնորոշման իրավունքին։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից:

Արցախի ավստրալացի բարեկամների խումբը կազմավորվել է 2019 թ օգոստոսին, երբ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը և Ավստրալիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչը հյուրընկալեցին Արցախի Հանրապետության պատվիրակությանը՝ գլխավորությամբ այն ժամանակվա արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի և Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանի։ Ի պաշտպանություն Արցախի Հանրապետության բնիկ հայության ստեղծված խումբը ձևավորվելիս ուներ շուրջ 40 անդամ, ներկայումս այդ թիվը գերազանցում է 70-ը։

Խմբի վերջին համալրողների մեջ են դաշնային սենատորներ Էնդրյու Բրեգը և Ժանեթ Ռայսը, օրենսդիրներ՝ Նոր Հարավային Ուելս և Հարավային Ավստրալիա նահանգների օրենսդիր մարմիններից։ Ի դեպ Հարավային Ավստրալիայի խորհրդարանը ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը 2020 թ պատերազմի ժամանակ։

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է խմբի համալրումը՝ շեշտելով, որ ավստրալահայ համայնքը երբեք չի հրաժարվի Արցախի Հանրապետության հերոսական ժողովրդի իրավունքների պաշտպանությունից։

Կայսերյանը, մասնավորապես, նշել է «Անցյալ տարի Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակումներից հետո Ադրբեջանը գրավեց ոչ միայն պատմական հայկական հողերի 70 տոկոսը, այլ նաև խախտեց միջազգային օրենքները` պղծելով հայկական մշակութային և կրոնական վայրերը, անօրինական ձերբակալելով ավելի քան 150 հայ ռազմագերիների, որոնց ենթարկում է քաղաքական սակարկությունների։ Այս գործողությունները, ինչպես նաև հայ ժողովրդի նկատմամբ բռնապետ Իլհամ Ալիևի բաց և թշնամական հայատյաց հայտարարությունները հայ-ավստրալիական համայնքի համար առավել մեծ առաջնահերթություն են դարձնում Արցախի Հանրապետության բարեկամների խմբի ավելացումը: Այս նոր համալրումը ավստրալական ոգու և պատմության օրինակ է, երբ խոսքը վերաբերում է մարդու իրավունքների և արդարության պահպանմանը։ Ավստրալիան, ինչպես Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքում, չի հանդուրժի ինքնորոշում փնտրող բնիկ ժողովուրդների վտանգվածությունը»:

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ջանքերի արդյունքում՝ Արցախի ավստրալացի բարեկամների խումբը վերջերս համալրած քաղաքական գործիչները, մինչ այդ էլ աչքի են ընկել Ավստրալիայի քաղաքական տարբեր ամբիոններում Արցախի ժողովրդի շահերի պաշտպանությամբ։