Զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել Քաբուլի օդանավակայանում
Քաբուլի օդանավակայանում տեղակայված զինվորականները արցունքաբեր գազ են կիրառել՝ աֆղանստանցիների ամբոխին զսպելու համար, որը փորձում էր մուտք գործել օդանավակայան՝ այդ տարածքում կարգուկանոնը վերականգնվելու վերաբերյալ Պենտագոնի հայտարարությունից մեկ օր անց: Այս մասին հաղորդել է The Wall Street Journal-ը:
Արևմտյան բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ զինվորները նաև օդ են կրակել՝ ամբոխը ցրելու համար: Այնուամենայնիվ, անհայտ է մնում, թե արդյո՞ք զինվորներն ամերիկացիներ են եղել, քանի որ բրիտանական, աֆղանական և եվրոպական այլ զորքեր նույնպես տեղակայված են օդանավակայանում:
Ամերիկացի զինվորականներից որևէ մեկնաբանություն չի ստացվել:
Պարբերականի տվյալներով՝ Քաբուլի օդանավակայանի մոտ մի քանի հազար մարդ է կուտակվել, որոնք փորձում են լքել երկիրը: Այնուամենայնիվ, օդանավակայանը հսկող զինվորականները տարածք են թողնում միայն նրանց, ովքեր թռիչքների ուղևորների ցուցակներում են, տեղեկացնում է News.am-ը: