«Ֆիզգորոդոկի» բնակիչները քաղաքապետարանում են
Երևանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում, որը հայտնի է որպես «Ֆիզգորոդոկ», 12-հարկանի շենքի կառուցման դեմ մի քանի օր բողոքի ակցիա անող մի խումբ բնակիչներ հիմա էլ ակցիա են անում Երևանի քաղաքապետարանի առջև:
Շենքի բնակիչների ներկայացուցիչները հանդիպում են քաղաքապետարանի պատասխանատու անձանց հետ: Տարածքում բնակվող քաղաքացիները պնդում են, որ շենքի կառուցումն հակաօրինական է:
Մասնավորապես, բնակիչների խոսքով` կառուցապատողը ՇՄԱԳ փորձաքննություն չի անցկացրել:
«Մեր բարձրացրած աղմուկից հետո պետական կառույցները սկսել են տեղից շարժվել` կասեցվել են աշխատանքները բնապահպանության նախարարի կողմից: Նա ծանոթացել է փաստաթղթերին և տեսել, որ կառուցապատման աշխատանքները ՇՄԱԳ փորձաքննություն չեն անցել: Պետք է փորձաքննություն իրականացվի: Բացի դրանից քաղաքապետարանի կողմից հրավեր է եղել, և մեր մի խումբ բնակիչներ իրավաբանների հետ ներսում են և ներկայացնում են կառուցումը դադարեցնելու բոլոր փաստացի հիմքերը։ Ես վստահ եմ շենք չի լինելու»,- ասաց բնակիչներից մեկը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: