Հարգանքի տուրք է մատուցվել ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, Լոռու մարզպետարանի և հյուպատոսարանի պաշտոնյաները, Լոռու մարզում ռուսական համայնքի ներկայացուցիչներն այցելել են Վանաձոր-Սպիտակ ավտոմայրուղու միջնամասից հարավ ընկած տարածքում գտնվող ռուսական բանակի հրամանատար Իոսիվ Մոնտրեզորի և նրա հետ ռուս-պարսկական պատերազմում զոհված զինվորների հուշարձանին:

Տեղեկությունը հայտնում են Լոռու մարզպետարանից։

Ռուս-պարսկական առաջին պատերազմի տարիներին՝ 1804 թվականին, այս տարածքում 114 ռուս զինվորներից և 60 հայ կամավորներից կազմված ջոկատը հերոսաբար զոհվել է 30 անգամ գերազանցող պարսից ուժերի հետ անհավասար պայքարում:

Հնչել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստան Դաշնության պաշտոնական օրհներգերը, ապա ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հերոսների հիշատակը։ Կատարվել է հոգեհանգստի կարգ:

Ելույթներով հանդես են եկել Արամ Խաչատրյանը, Ռուսլան Կանդաուրովը՝ իրենց խոսքում ևս մեկ անգամ կարևորելով հայ-ռուսական բարեկամությունը:

Ներկաները ծաղկեպսակներ են տեղադրել ու ծաղիկներ են խոնարհել հուշակոթողին, տեղեկացնում է Sputnik Armenia: