ԻՆՉՈ՞Ւ ԱՇՈՏԻԿՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉՄԵԿՆԵՑ ԲԱՔՈՒ

Վերջին օրերին Ֆեյսբուք սոցցանցում օգտատերերը տարածում են արտակարգ լուսավոր դեմքով ու կանաչ աչքերի համարձակ հայացքով մի երիտասարդի լուսանկար: Հովհաննես Գաբրիելյանն է, 23 տարեկան, անցած տարվա հոկտեմբերի 18-ից համարվում է Ջրականում անհետ կորած։ «Նա գերադասեց մնալ այն հողում, որը դուք հանձնեցիք, չնայած ինքը հրետանավոր էր, բայց դուք իրեն ինքնաձիգ տվեցինք ու ասեցիք` «դու պեխոտ ես»։ Հանուն ճշմարտության խոստովանենք՝ 9 պատրոն կրակել էր... Այսօր Հովհաննեսի հոգեհանգիստն է (օգոստոսի 24-ին-Մ.Գ.)։ Հոկտեմբերի 12-ից դին եղել է սառնարանում։ Մինչև վերջին օրը ծնողներին ասել են՝ «անհետ կորած ա, մասունքները չկան, գնացեք, ման եկեք»,- գրում է Արամ Գևորգյանը։

Նշենք եվս մեկ անգամ. տղայի մարմինը հոկտեմբերի 12-ից դիարանում է եղել, սակայն նրան չեն բարեհաճել նույնականացնել ո՛չ պատերազմի ժամանակ, ո՛չ էլ հաջորդ ամիսներին: Եվ միայն ավելի քան 10 ամիս անց են հարազատներին հանձնել տղայի մասունքները։ Ինչ-որ անվանում գտեք հայ զինվորի նկատմամբ նման վերաբերմունքի համար, ինձ մոտ չի ստացվում…

Մայիսի 27-ին գերեվարվեցին Հայաստանի տարածքում ինժեներական աշխատանքներ կատարող 6 հայ զինծառայողներ։ Չորսին կարճ ժամանակ անց վերադարձրեցին, երկուսի ճակատագիրը մշուշոտ է մնում։ Համենայնդեպս պաշտպանության նախարարությունը դրանից հետո ոչ մի անգամ չի հայտնել, թե ինչ ջանքեր են գործադրվում պաշտոնապես խաղաղ ժամանակ ներխուժած զավթիչների կողմից ՀՀ տարածքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու համար։

Հուլիսի 14-ին դարձյալ հայկական տարածքում անհետացել են երկու հայ զինծառայողներ։ Անցել է արդեն 40 օր, սակայն նրանց ճակատագիրն անհայտ է մնում։ ՊՆ-ն մի քանի անգամ դժկամությամբ հաղորդել է, թե իբր՝ որոնումները շարունակվում են, և նույնիսկ խոստովանել, որ նրանք կարող են գերեվարված լինել: Բայց 40 օրվա ընթացքում պետությունն այդպես էլ չի բարեհաճել պարզել, թե ուր են կորել իր երկու քաղաքացիները, որոնք, ի դեպ, այդ պահին կատարում էին ծառայողական պարտականությունները։ 40 օրը բավարար չեղավ երկու զինվորների գտնվելու վայրը պարզելու համար, սակայն իշխանություններին դա բացարձակապես չի հուզում։

Հայաստանի տարածքում հայ զինծառայողներին ոչ միայն առևանգում են, այլև գնդակոծում, սպանում ու վիրավորում։ Մեկ օրում՝ օգոստոսի 16-ին, սպանվել են միանգամից երկուսը. 19-ամյա ժամկետային զինծառայող Արման Հակոբյանը և ավագ ենթասպա, 46-ամյա Վահան Թաթոսյանը։ Շարքային Հակոբյանը սպանվել է Սև լճի շրջանը բռնազավթած Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հետ ինտենսիվ փոխհրաձգության ժամանակ: Վահան Թաթոսյանը զոհվել է դիպուկահարի գնդակից, Երասխի շրջանում։ Հաջորդ օրը տեղեկություն ստացվեց, որ զինծառայող է վիրավորվել նույն Գեղարքունիքի մարզում, Սոթքի շրջանում: Բարեբախտաբար, վերքը մահացու չէր։

Օգոստոսի 19-ի լույս 20-ի գիշերը Ադրբեջանի հետ սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել են հրազենով սպանված շարքային զինծառայողներ Գոռ Սահակյանի, Լևոն Հարությունյանի և Մուրադ Մուրադյանի դիերը: Նրանք բոլորը 18 տարեկան էին։ Գործով ձերբակալվել են զոհվածների ծառայակիցն ու մարտական դիրքի հրամանատարը։ Պաշտոնական վարկածը ոչ կանոնադրական հարաբերություններն են, սակայն մի շարք փորձագետներ հավանական են համարում հակառակորդի զորքերի գիշերային դիվերսիան։

Օգոստոսի 23-ին ՊՆ-ն տեղեկություն է տարածել, որ նախօրեին անհետ կորել է ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը: «Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ», - ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ։ Անցել է ավելի քան երկու օր. սպայի մասին ոչ մի տեղեկություն չկա։

Այն մասին, թե որտեղ է տեղի ունեցել միջադեպը, ոչինչ չի ասվում, սակայն «հայտնվել է ադրբեջանական կողմում» ճիզվիտական ձևակերպումը թույլ է տալիս ենթադրել, որ սպան «հայտնվել է» հայկական տարածքում, որն այժմ համարվում է «ադրբեջանական կողմ»։

Հայ ժողովուրդը շարունակում է զոհեր դնել ներքին դավաճանության և արտաքին ուժերի շահերի անկշտում զոհասեղանին, և դրա վերջը դեռևս չի երևում։ Բայց ոչ պակաս սարսափելի է երկրում տիրող անտարբերության և նույնիսկ բանակում չդադարող կորուստների հանգիստ ընկալման մթնոլորտը։ Դեռևս մեկ տարի առաջ, չենք խոսում արդեն ավելի վաղ ժամանակների մասին, ԶՈւ շարքերում ոչ մարտական յուրաքանչյուր կորստի, հայ զինվորի մահվան յուրաքանչյուր դեպքի գույժը, անկախ նրանից՝ Հայաստանում էր դա պատահել, թե Արցախում, հասարակության բացարձակ մեծամասնության կողմից ընկալվում էր որպես անձնական ողբերգություն։ Սոցցանցերն ու մամուլը լեփ-լեցուն էին զոհվածի լուսանկարներով ու հարազատներին ուղղված կարեկցանքի և ապրումակցման խոսքերով։

Այսօր այդ ամենի նշույլն անգամ չկա։ Մարդիկ պարզապես վարժվել են սահմանի վրա մշտական սպառնալիքի պայմաններում ապրելուն և համակերպվել այն սարսափելի գնի հետ, որ ստիպված են վճարել դրա համար. վճարել հայրենակիցների կյանքով։ Բանակում մահը դարձել է ոչ միայն սովորական, այլև ամենավտանգավոր զարգացումներով սպառնացող երևույթ։ Եվ պատերազմի սկսվելուց հետո անցած գրեթե մեկ տարին վկայում է, որ նման զարգացումները նույնպես այն տեխնոլոգիաների մասն են, որոնք շարունակում են կիրառվել հայոց պետականության փաստացի կազմաքանդման գործընթացն ավարտին հասցնելու և հայկական գործոնը զրոյի հավասարեցնելու նպատակով։

Ինչո՞ւ էին անհրաժեշտ փոքրաթիվ ժողովրդի համար այդքան մեծաթիվ զոհերը պատերազմում։ Ինչո՞ւ Փաշինյանը չդադարեցրեց պատերազմը հոկտեմբերի 19-ին, երբ նրան դա առաջարկվում էր ամենալուրջ ու հեղինակավոր մակարդակով և կօգներ կանխել մոտ 2000 մարդու մահը։ Բազմաթիվ մասնագետներ համակարծիք են, որ նպատակ էր դրված հնարավորինս խոր շոկ առաջացնել ժողովրդի մոտ, որպեսզի մի քանի հազարի կորստի անտանելի ցավը գերակշռի և երկրորդ պլան մղի Հայրենիքի մի մեծ հատվածի կորստի պատճառած ցնցումը: Բայց ոչ միայն։

Բանակի՝ որպես ժողովրդի սիրելի զավակի նկատմամբ հասարակության մեջ ձևավորված գորովալից վերաբերմունքի խորապատկերին՝ խնդիր էր դրված դարձնել զինծառայողի մահը սովորական, գրեթե առօրեական երևույթ։ Ստեղծել խորապատկեր, որի պարագայում զոհերի թիվն արդեն առանձնակի դեր չի խաղում, քանի որ բանակում կորուստներն անխուսափելի են, և դրա դեմ, իբր, ոչինչ չես անի։ Նման մթնոլորտում չափազանց հեշտ է «Հայաստանի բնակիչները չպետք է ծառայեն Արցախում» սրբապիղծ կարգախոսից անցնել պղծության հաջորդ մակարդակին. «մեր որդիները չպետք է ծառայեն բանակում»։ Հենց այս վտանգավոր հարթության մեջ պետք է դիտարկել իշխանությունների մտադրությունը՝ պրոֆեսիոնալ դարձնելու հայկական բանակը, որտեղ ծառայում են միայն պայմանագրային զինծառայողներ, որոնց համար մահն անխուսափելի ռիսկ է։ Թե կարող է արդյոք այսօրվա Հայաստանը նման ճոխություն թույլ տալ իրեն՝ միանգամայն առանձին և բարդ հարց է։

Այլ բան է, որ պատերազմից հետո մարդկային կյանքի գինը հասցվել է նվազագույնի և գերակայություն չէ ո՛չ իշխանությունների, ո՛չ էլ հասարակության համար։ Հոկտեմբերի 19-ին պատերազմը դադարեցնելուց և դրանով իսկ հազարավոր հայրենակիցների կյանքը փրկելուց Փաշինյանի հրաժարումը դարձավ առաջին ցնցող ապացույցը։ Ոչ պակաս ցինիկ էր նրա արդարացումը, իբր՝ ես ստորագրեցի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի տասնյակ հազարավոր կյանքեր փրկեմ: Թե ինչ արժեցավ դա՝ ցույց տվեցին հարյուրավոր գերիների չվերադարձման և Հայաստանի սահմանների վրա անդադար կորուստների հետագա ամիսները։

Ներկայիս իշխանությունների համար հայ զինվորի կյանքը վաղուց դարձել է ճիշտ նույնպիսի մանրադրամ, ինչպիսին հայկական հողերն են։ Իշխող խմբակցության ոչ մի պատգամավոր չի նկատվել ռազմաճակատում, ինչպես որ չեն նկատել բարձրաստիճան պաշտոնյաների որդիները։ Նողկալի էժանագին շոուները, որ այդ թեմայով կազմակերպում էին Փաշինյանի կինն ու որդին, որոնք իբր մասնակցում էին մարտական գործողություններին, առավել քան ակնբախ ցույց են տալիս այդ ընտանիքի վերաբերմունքը Հայրենիքի պաշտպանության բուն գաղափարի նկատմամբ։ Ինչպեսև այն ցինիկ ներկայացումը, որը նրանք խաղացին արդեն գերիների թեմայով, երբ ընտրություններից առաջ Նիկոլը հայտարարեց իր որդուն Բաքու ուղարկելու համաձայնության մասին՝ բոլոր գերիների դիմաց։ Աշոտիկն ինքն էլ անձնուրաց ասաց, թե պատրաստ է գնալ, գերազանց իմանալով, որ դա ընդամենը նախընտրական հնարք է, և ոչ ոք իրեն որևէ տեղ ուղարկել, բնականաբար, չի պատրաստվում…

Հայ ռազմագերիները, ինչպես նույն այդ օրերին հայտարարեց Փաշինյանը, կարող են դժոխքում սպասել ևս մեկ-երկու ամիս, իսկ ինչպես պարզվում է հիմա, առհասարակ անորոշ ժամանակ... Նրանք ուրիշի զավակներ են և ուրիշի ամուսիններ, ուստի նրանց կյանքը իշխանությունների համար ոչ մի նշանակություն և ոչ մի արժեք չունի: Այլ հարց է սեփական ժառանգը, որն այդպես էլ լռվեց Բաքվի ու ընտրությունների միջև ընկած ճանապարհին, և որին, իհարկե, ոչ ոք չէր էլ պատրաստվում զոհաբերել հարյուրավոր մարդկանց փրկության համար։ Դա այնպես, հայրիկի հերթական սուտն էր՝ հայի արյան հաշվին։