Հայաստանի թիմը 2-րդն է «Խաղաղության մարտիկի» «Էրուդիտ» մրցաձևում
ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում կայացել է ռազմապատմագիտական գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևը: Այն անցկացվել է թեստավորման ձևաչափով ռուսերեն և անգլերեն լեզուներով: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Նշենք, որ մրցութային հանձնաժողովը գնահատում է նաև զինված ուժերի գործունեությանն առնչվող հարակից թեմաների, պատմության իմացությունը:
«Յուրաքանչյուր թեստում եղել է 20 հարց առավելապես Հայրենական մեծ պատերազմի, միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ:Այստեղ նույնպես լուրջ մրցակցություն է ծավալվել»,–նշված է հաղորդագրության մեջ:
Ռազմական պատմության իմացությամբ մյուս մասնակիցներին գերազանցել է Ռուսաստանի թիմը: Երկրորդ տեղում Հայաստանն է, Բելառուսը երրորդն է:
Թիմերի անդամները շրջել են «Մայր Հայաստան» թանգարանում, ծանոթացել Հայրենական Մեծ պատերազմի ուշագրավ դրվագների ու հաղթանակների մասին պատմող, Արցախյան ազատամարտի հերոսական էջերը ներկայացնող ցուցանմուշներին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Անհայտ զինվորի հուշահամալիրի անմար կրակի մոտ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: