Շարմազանով․ Իշխանությունը լուծում է հայկական հարցը՝ հաշվի առնելով Անկարայի և Բաքվի շահերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Իշխանությունը լուծում է հայկական հարցը՝ հաշվի առնելով Անկարայի և Բաքվի շահերը։ Այսօր Հայաստանում շատ ողբերգական իրավիճակ է ստեղծվել, և չկա առանձին Սյունիքի կամ Ղարաբաղի հարց։ Կա հայկական հարց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Սյունիքում ստեղծված իրավիճակը։
Նրա խոսքով՝ այն, ինչն ինքն ավելի վաղ կանխատեսել է, արդեն կատարվում է։ «Մի քանի ամիս առաջ՝ կապիտուլյացիայից անմիջապես հետո, ես հայտարարեցի, որ եթե Հայաստանում այս իշխանությունը շարունակի կառավարել, ապա երկիրը կվերածվի թուրքական վիլայեթի»,-հիշեցրեց նա՝ հավելելով, որ իշխանությունն ըստ էության հայկական հարցը լուծում՝ հաշվի առնելով Բաքվի և Անկարայի շահերը, որոնք Երևանի առջև նորանոր պահանջներ են դնում։
Շարմազանովը նաև հիշեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը։ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին, չէր խոսել թշնամու կողմից Շուշիի և Հադրութի օկուպացիայի մասին։ «Պատգամավորը հարցրել էր, թե արդյոք նա կարծում է, որ Շուշին և Հադրութն օկուպացվել են, ինչին նա պատասխանել է․ «Ես չեմ եկել այստեղ հայրենասիրական ելույթներ ունենալու համար»»,-հիշեցրեց Շարմազանովը։ Նա կարծիք հայտնեց, որ նոր փուլ է սկսվում՝ հայկական բնակավայրերին ադրբեջանական անվանումներ են տալիս, տեղեկացնում է News.am-ը։