Լավրով. Հայաստանը մեր դաշնակիցն է, երկկողմ առումով մենք շատ հարուստ օրակարգ ունենք
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն անձամբ են զբաղվում Ղարաբաղի հարցի լուծմամբ: Դա մեկ օրվա աշխատանք չէ: Այս մասին չորեքշաբթի Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄՄՀՊԻ) կայացած հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովը նշել է Մոսկվայի որոշիչ դերն անցյալ տարվա նոյեմբերին հրադադարի հաստատման հարցում: Դա մեկ օրվա աշխատանք չէ, և դրանում ներգրավված են անձամբ երեք երկրների ղեկավարները, ինչպես նաև՝ մեր զինվորականները, որոնք կազմում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը: Նրանք աշխատում են լարվածության նվազեցման և վստահության հաստատման համար»:
Նա հավելել է, որ ռուս սահմանապահներն օգնում են նաև «հայ դաշնակիցներին ադրբեջանցի հարևանների հետ հարցերի լուծման հարցում»:
Ինչ վերաբերում է Երևանի և Մոսկվայի հարաբերություններին, ապա, ըստ Լավրովի, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը բավականին վստահ է առաջ ընթանում:
«Հայաստանը մեր դաշնակիցն է: Երեկ մեզ մոտ էր նոր արտաքին գործերի նախարարը, մենք լավ բանակցություններ վարեցինք: Երկկողմանի մասով մենք շատ հարուստ օրակարգ ունենք. այցերի փոխանակում և խոշոր նախագծերի իրականացում, տնտեսական համագործակցության զարգացում: Այդ ամենը շատ ինտենսիվորեն և վստահ է առաջ ընթանում»,- ասել է նա, տեղեկացնում է News.am-ը: