Աբու Դաբի չհասած ռազմական տեխնիկան հիմա էլ Հայաստան չի «կարողանում հասնել»

Ցուցանշումները, որոնք պետք է Աբու-Դաբիում անցկացվող ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացվեին, սակայն այդպես էլ տեղ չէին հասել, հիմա էլ դեռ Հայաստան չեն հասել։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

Հայտնել էինք, որ այս տարվա փետրվարի 21-25-ը ԱՄԷ–ի մայրաքաղաք Աբու Դաբիում անցկացվող IDEX 2021 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը ռազմական տեխնիկայի ցուցանմուշների փոխարեն բուկլետներով էր ներկայացել։

«Հայկական ցուցանմուշների` Աբու-Դաբի չհասնելու դեպքով քննություն էր սկսվել, որը շարունակվում է։ Տեխնիկական խնդիր է եղել` բոլոր պայմանավորվածությունները, մասնագիտական առումով բոլոր համաձայնությունները եղել են և ընկերությունը, որը պետք է տեղափոխեր ամենը, չի կատարել իր պարտականությունները։ Սակայն հիմա էլ մենք մի ուրիշ խնդիր ունենք` այդ ապրանքները դեռ Հայաստան չեն հասել»,–ասաց նախարարը։

Խաչատուրյանի խոսքով` այդտեղ ոչ բարեխիղճ գործընկերոջ հարց կա։ Նա նշեց նաև` Հայաստանը մեղավոր է այնքանով, որ հենց այդ ընկերության հետ է պայմանագիր կնքել։ Այս դեպքը, ըստ նրա, զգուշացում է, որ նմանատիպ գործընթացի մասնակցելու համար կարողանան ավելի լավ ճշտել երթուղիները ցուցանշումների ներկայացնելուց առաջ, տեղեկացնում է Sputnik Armenia։