ՄԱԿ. Աֆղանստանը հումանիտար աղետի եզրին է
ՄԱԿ-ի կողմից աֆղանցիներին հումանիտար օգնության համակարգող Ռամիզ Ալաքբարովը պատմել է սննդի և դեղորայքի խիստ պակասի մասին, հայտնում է կազմակերպության կայքը:
«Աֆղանստանը գտնվում է հումանիտար աղետի եզրին: Չնայած նրան, որ ՄԱԿ-ը և գործընկերները շարունակում են անել հնարավորը դրանից խուսափելու համար, նրանք չեն կարող դա անել առանց ուժեղ և առատաձեռն միջազգային աջակցության»,- ասել է Ալաքբարովը:
Նա նշել է, որ երկրում սննդամթերքի սուր պակաս կա: Բացի այդ, Աֆղանստանին դեղամիջոցներ են անհրաժեշտ:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանը փակ է, սակայն, ՄԱԿ-ի ներկայացուցչի խոսքով, կազմակերպությունը և գործընկերները հումանիտար օգնություն հասցնելու այլ ուղիներ են գտնում: Այդպես, բեռներն ավտոտրանսպորտով հասցվում են Պակիստանից, իսկ վերջերս 37.5 տոննա դեղամիջոցով առաջին ինքնաթիռը ժամանեց Աֆղանստանի չորրորդ ամենամեծ քաղաք Մազար-ի-Շարիֆ:
«Դրանք նախատեսված են 200 հազար մարդու համար և կհասցվեն 20 հիվանդանոց: Երկիր 600 տոննա սնունդ է հասցվել: Դա հատկապես անհրաժեշտ է երեխաներին, որոնց կեսը շուտով կհասնի հյուծվածության եզրագծին»,- ասել է Ալաքբարովը, տեղեկացնում է News.am-ը: