Հակոբ Ավետյան․ Թշնամու կողմից հրդեհված խոտհարքների հարցով դիմել են կառավարություն

Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ և Ազատ համայնքներում թշնամու սադրանքի արդյունքում բռնկված հրդեհը գրեթե մարվել է, միայն տեղ-տեղ ծխացող օջախներ կան: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Ճիշտ է այս պահին հրդեհը գրեթե մարվել է, բայց քամու դեպքում հնարավոր է այս ծխացող օջախներից կրկին բռնկվի: Այս պահին էլ տարածքում եմ, հաշվում ենք վնասները, թե ինչքան են, որպեսզի ներկայացնենք մարզպետարան և կառավարություն փոխհատուցման համար: Մենք արդեն դիմել ենք, սակայն վնասի չափը լրացուցիչ կներկայացնենք»,-ասաց նա:

Հակոբ Ավետյանը նշեց, որ գյուղացիները խոտհարքներում հասցրել էին մի փոքր հատվածը հնձեին, խոտի մեծ մասը այդպես էլ չեն հասցրել հնձել, և հրդեհների հետևանքով արդեն այրվել են. «Այս տարի անասնակերի շատ լուրջ խնդիր են գյուղացիները ունենալու»:

Հիշեցնենք, որ Կութ, Սոթք, Նորաբակ և Ազատ գյուղերում խոտածածկ տարածքները այրվում են օգոստոսի 30-ից: Ադրբեջանցիները այս ընթացքում պարբերաբար հրդեհում էին խոտհարքները: Խնդրի մասին բարձրաձայնում էր միայն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը: