«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են ՍԴ` վիճարկելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լիազորությունները։ Երկու խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

«ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համագործակցությամբ մշակվել և ՍԴ է ներկայացվել դիմում։ Դրանով վիճարկվում են ԱԺ նիստերը նախագահողի՝ օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների, ինչպես նաև դրանց կամայական մեկնաբանման ու տարբերակված մոտեցման կիրառումը»,– նշված է համատեղ հայտարարության մեջ։

Խմբակցություններն ասում են, որ ԱԺ նախագահի` նման մոտեցման հետևանքով խոչընդոտվում է պատգամավորի գործունեությունը, խաթարվում է պատգամավորական ներկայացուցչական մանդատի էությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։

Նշենք, որ ԱԺ–ում բավական բուռն մթնոլորտ էր վերջին նիստերին։ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 11-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին ԱԺ դահլիճից դուրս հրավիրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին «կապիտուլյանտ» ասելու համար։ Դրանից հետո ևս եղան նման դեպքեր, երբ ԱԺ նախագահը Մկրտչյանին դուրս հրավիրեց նիստերի դահլիճից։