Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշեց Գեղարքունիքի մարզպետ նշանակել Կարեն Սարգսյանին, տեղեկացնում է News.am:

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կարեն Սարգսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Կարեն Սարգսյանը մինչև նախորդ շաբաթ զբաղեցնում էր Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնը:

Կարեն Սարգսյանն իր խոսքում ասաց. «Շնորհակալ եմ վստահության համար, ինձ համար բարձր պատիվ է հայրենի մարզի ղեկավար նշանակվելը»:

Վարչապետը կատակով նկատեց. «Մեր թեկնածուները մեթոդական սխալ են գործում, միշտ ընտրվելուց առաջ արդեն շնորհակալություն են հայտնում վստահության համար: Որ այդքան վստահ եք, պարոն Սարգսյանը, ուրեմն պետք է ուզած-չուզած կողմ քվեարկենք»: