Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները կարող են մասնակցել ՊԴ-ի ընտրություններին
ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը հրապարակել է տեղեկատվություն Պետական Դումայի ընտրություններին մասնակցելու մասին։
Ընտրություններին կարող են մասնակցել Հայաստանում բնակվող կամ ժամանակավորապես գտնվող ՌԴ քաղաքացիները։
«Ռուսաստանի Դաշնության Նախագահի 2021 թվականի հունիսի 17-ի թիվ 367 հրամանագրով Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունները նշանակվել են 2021 թվականի սեպտեմբերի 19-ին», – նշվում է հաղորդագրության մեջ:
Թիվ 8026 ընտրական տեղամասը բաց կլինի 2021 թվականի սեպտեմբերի 19 – ին, տեղական ժամանակով առավոտյան 8:00 - ից մինչև երեկոյան 20:00 - ն, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանության տարածքում՝ ք.Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փող., շենք 13/3:
Նշվում է, որ ընտրություններին կարող են մասնակցել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքացիները, որոնց 18 տարին քվեարկության օրվա դրությամբ լրացած կլինի։ Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով:
«Ընտրական տեղամասում կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու նոր COVID-19 կորոնավիրուսային վարակի տարածման վտանգով պայմանավորված քաղաքացիների առողջության համար ռիսկերը: Ընտրական տեղամասում գտնվելու ընթացքում անհրաժեշտ է օգտվել դիմակներից և խստորեն պահպանել սոցիալական հեռավորությունը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ Ռուսաստանի Դաշնության ութերորդ գումարման Դաշնային ժողովի Պետական Դումայի պատգամավորների ընտրությունների մասին լրացուցիչ տեղեկատվությունը հասանելի է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում` հետևյալ հղմամբ, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։