ԱԺ հանձնաժողովի նախագահը անհանգստություն է հայտնել պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակի վատացման առիթով
Սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում Մարդու իրավունքների և հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունենում աշխատանքային քննարկում Հայաստանի և Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանների մասնակցությամբ։
Հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը քննարկման ամենասկզբում անհանգստություն է հայտնել «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի հիմնադիր, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակի վատթարացման հետ կապված։ Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ այցելել է պրոֆեսորին հիվանդանոցում։ Չարչյանն այնտեղ էր տեղափոխվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից։
«Չարչյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Նրան տեղափոխել են էնդոկրինոլոգիայի բաժանմունք։ Նրա շաքարային դիաբետի ցուցանիշները նորմը գերազանցում են 3,33 անգամ։ Դա չի կարող լուրջ անհանգստություն չառաջացնել»,- ընդգծել է խորհրդարանականը՝ ավելացնելով, որ պրոֆեսորին 20 օրվա ընթացքում պետք է ցուցաբերեին բոլոր անհրաժեշտ բժշկական սպասարկումները, բայց բուժումը մնացել է անավարտ և նրան տարել են հետ՝ «Վարդաշեն» ՔԿՀ։
Ընդ որում՝ պատգամավորն ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, որ առողջապահության նախարարությունն այս միջադեպի հանդեպ որևէ հետաքրքրություն չի դրսևորել։
Ինքը՝ Չարչյանը, Թովմասյանի խոսքով՝ ասել է, որ իր հանդեպ նախաձեռնված հետապնդումը քաղաքական դրդապատճառներ ունի։ Նրա դեմ, պրոֆեսորի հավաստիացմամբ, իրականացվում են խոշտանգումներ։ Դրանք իրականացվում են Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանի ցուցումով։
Թովմասյանը համոզված է, որ անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել Չարչյանին, քանի որ բանտարկությունը նրա համար անհամատեղելի է կյանքի հետ, տեղեկացնում է News.am-ը։
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրում են ընտրողների վրա ճնշում գործադրելու մեջ։