ՀՆԱԳԵՏՆԵՐԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ. ԱՆԿԱՐԱՆ ՈՒԶՈՒՄ Է ՋՆՋԵԼ ԱՆԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Երբեմնի հայկական թագավորության մայրաքաղաք Անիում կրկին պեղումներ են իրականացվում։ Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում կարդացեք, թե ինչ է թաքնված Թուրքիայի մշակույթի նախարարության որոշման տակ։

Անիում վերսկսել են պեղումները, և վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է հերթական կարևոր միջոցառման մասին, որը կոչված է «պահպանելու թուրք ազգի ժառանգությունը»։ Մի շարք հանգամանքներ թույլ են տալիս ենթադրելու, որ իրականացվող աշխատանքների նպատակներից մեկը հայկական հետքի վերացումն է։

Ինչպես օրեր առաջ հայտնեց «Անադոլու» լրատվական գործակալությունը, Անիում հնագիտական պեղումները մեկնարկել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական կարգադրությամբ։ Պեղումներին 12 գիտական և ուսումնական հաստատություններից 35 մասնագետ է մասնակցում։ Նախագիծը ղեկավարում է Կարսում գործող Կովկասյան համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետի ղեկավար ՄուհամՄեդ Արսլանը։ Լրագրողների հետ զրույցում նա բավականին ուշագրավ պարզաբանումներ է տվել, որոնք թույլ են տալիս կռահել նրա խմբի առաջ դրված իրական խնդիրները։ Պրոֆեսորը հայտարարել է. «Պեղումներն իրականացվում են սելջուկների ժամանակների շուկայում, նրանց առանձնատներում, սելջուկյան մեծ բաղնիքում, ինչպես նաև գերեզմանատան տարածքում»։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Անին սելջուկյան, այլ ոչ թե հայկական քաղաք էր։ Համենայն դեպս, պարոն Արսլանի առաքելությունը, ինչպես հասկանում եմ, հենց այդ եզրակացության համար հող ստեղծելն է։

Կասկածի տակ չդնելով Անիի բոլոր հուշարձանների պատմական արժեքը` անհնար է չնկատել առաջնահերթությունների ընտրության հարցում թուրքական իշխանությունների սուբյեկտիվությունը։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը նախկինում ևս տարբերվել է կասկածելի կողմնակալությամբ` ֆինանսավորելով այնպիսի հուշարձանների ուսումնասիրությունն ու վերականգնումը, որոնք դրա կարիքն ամենաքիչը ունեին։ Մի քանի տարի առաջ Կարսի նախկին նահանգապետ Ահմեդ Կարան լեզվի սայթաքում արեց` ասելով, որ մշակույթի նախարարությունը ծրագրում է վերականգնել Մուրադիե բաղնիքը, քարավանատունը և բերդապարիսպները: Այսինքն` ուշադրության կենտրոնում են հենց այն շենքերն ու շինությունները, որոնց ճարտարապետությունը չի մատնում հեղինակների հայկական ծագումը։ Կարծում եմ` բոլորին հասկանալի է նման ընտրողականության պատճառը։

Այդ առումով հատկանշական է թվում նաեվ այն, որ 15 տարի առաջ Անիի վերականգնման աշխատանքները թուրքական իշխանությունները սկսեցին Էբուլ Մանուչեր մզկիթից, այն դեպքում, որ այն ավելի լավ վիճակում էր, քան հայկական եկեղեցիները։ Մինչդեռ Անիի տասնյակ տաճարներ, եկեղեցիներ, վանքեր և մատուռներ բառի բուն իմաստով փլուզվում էին աչքի առաջ, վերականգնողները կարգի էին բերում քաղաքի միակ մահմեդական պաշտամունքային կառույցի պատերը, որի ամրությանն ու պահպանությանը ոչինչ չէր սպառնում։ Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հիացած էր Մանուչեր մզկիթի ճակատային հատվածը թարմացրած մասնագետների աշխատանքով, բայց նույնիսկ չնկատեց, որ անմիջական հարևանությամբ գտնվող Ամենափրկիչ տաճարի կամարները դարձյալ սկսել են փլուզվել։ Թեպետ գուցե հենց դա էլ ձեռնտու էր նրան։

Թուրքական քարոզչամեքենան հնարավոր ամեն բան անում է հայկական ներկայության հետքերը թաքցնելու և միևնույն ժամանակ հիմնավորելու համար այն լեգենդը, որի համաձայն` Անիի կառուցման հետ կապ ունեն սելջուկները։ Տվյալ գաղափարական պատվերի ակնհայտ օրինակ է վերջերս «Անադոլու» պետական լրատվական գործակալության հրապարակած հոդվածը, որը նվիրված էր Անի քաղաքի պատմությանը։ Ահա մի փոքր հատված. «Անիի տարածքում հայտնաբերվել են XI-XII դարերով թվագրվող իսլամական ճարտարապետության նմուշներ։ Անիում բնակվել են 23 տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ։ Անին եղել է բյուզանդացիների, պարսիկ Սասանյանների, քուրդ Շադդադյանների, վրաց աթաբեկների, թուրք սելջուկների, Կարա-կոյունլու և Ակ-կոյունլու ցեղերի, Օսմանյան և ռուսական կայսրության տիրապետության տակ...»։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ Անին հիմնադրել են Բագրատունիների տոհմի հայ իշխանները և որ եղել է հայկական թագավորության մայրաքաղաքը։ Ոչ մի խոսք այն մասին, որ Բագրատունիների անկումից հետո էլ Անին շարունակել է հայկական քաղաք մնալ։ Ոչ մի խոսք այն մասին, որ քաղաքի պահպանված գրեթե բոլոր ճարտարապետական հուշարձանները (նույնիսկ մահմեդական) կառուցել են հայ ճարտարապետներն ու հայ շինարարները։ Այ այսպիսի «ժողովուրդների բարեկամություն»։

Իհարկե, թուրքերն իրավունք ունեն անձամբ որոշելու, թե ինչ են ցանկանում վերականգնել, իսկ ինչը լուռ թույլ կտան հավասարեցնել հողին։ Բայց ամբողջ հարցն այն է, որ Անկարան մտադիր է իրականացրած աշխատանքները ներկայացնել որպես ներդրում համաշխարհային ժառանգության պահպանման գործում։ 2016 թվականի հուլիսին Անի քաղաքի ավերակները համաշխարհային ժառանգության ցանկում ներառելուց առաջ ՅՈւՆԵՍԿՕ–ն Թուրքիայի առաջ պայման էր դրել` անհապաղ ինքնուրույն վերականգնել այն հուշարձանները, որոնք փլուզման վտանգի տակ են։ Հենց այդ ժամանակ թուրքերը սկսեցին վերականգնել Մանուչերի մզկիթը։ ՅՈւՆԵՍԿՕ–ի պահանջի ֆորմալ կատարումը թույլ տվեց Անկարային հույս դնել պատմական հուշարձանների պահպանության աշխատանքները ֆինանսավորող միջազգային հիմնադրամների նյութական լուրջ աջակցության վրա։ Դա նպաստեց Անի այցելող զբոսաշրջիկների թվի զգալի աճին, ինչը ևս մեծ եկամուտներ բերեց։ 2000-ականների սկզբից Անի այցելող զբոսաշրջիկների թիվը գրեթե կրկնապատկվել է և, կանխատեսումների համաձայն, շուտով տարեկան 200 հազարի կհասնի։ Եթե նրանցից յուրաքանչյուրը գոնե 200 դոլար ծախսի, Թուրքիայի Կարսի շրջանը 40 մլն կաշխատի։

Այսպիսով` մզկիթն ու հայերի հետ կապ չունեցող այլ կառույցներ վերականգնելով` Թուրքիայի կառավարիչները միաժամանակ երեք խնդիր են լուծում։ Մի կողմից` մեծածավալ վերականգնման աշխատանքների ֆինանսավորման համար կատարում են միջազգային կառույցների ֆորմալ պայմանները։ Մյուս կողմից` զարգացնում են զբոսաշրջությունը, որը մեծ եկամուտներ է խոստանում։ Բայց ամենակարևորը` հիմք են ստեղծում այն լեգենդը հիմնավորելու համար, որի համաձայն` Անին իսլամական մշակույթի քաղաք է եղել։

Հնագիտական պեղումների անվան տակ այս օրերին իրականացվող աշխատանքները կարող են օգտագործվել ավերված քաղաքի արտաքին տեսքում ինչ–որ մեկի համար անհրաժեշտ սրբագրումներ կատարելու համար։ Լուրջ հիմքեր կան մտահոգվելու, որ աշխատանքների վերսկսման իրական նպատակը հայկական քաղաքակրթության հետքերը ոչնչացնելն է։

Թուրքիայի մշակույթի նախարարությունը պնդում է, որ հերթը կհասնի նաև քրիստոնեական եկեղեցիների վերականգնմանը։ Դեռ մի քանի տարի առաջ Թուրքիայի պաշտոնական այրերը վստահեցնում էին, որ Անիի վանքերի վերականգնումը իրականացվելու է հայաստանցի մասնագետների հետ համագործակցությամբ։ Բայց մեր փորձագետներին առայժմ մոտ չեն թողնում։ Իսկ թե հայկական վանքերի հետ ինչեր կարող են անել թուրք ռեստավրատորները, կարելի է միայն կռահել։ Կարսի Սուրբ Առաքելոց եկեղեցու վերականգնման դառը փորձը ցույց է տալիս, որ մտավախություններն անհիմն չեն։ Կարսում հայկական միակ պահպանված եկեղեցին վերականգնվել էր կոպիտ սխալներով։ Այսօր որպես մզկիթ օգտագործվող եկեղեցու նոր տեսքը հայկական գրեթե ոչինչ չունի։ Մտավախությունների արդարացիությունը հաստատող ևս մեկ գործոն է 2007 թվականին Անիի Պարոնի պալատի մակերեսային և անգրագետ վերականգնումը։

Հայ հնագետները վրդովվել էին` տեսնելով, թե ինչ է կառուցվել պալատի պահպանված հատվածի վրա։ Փառահեղ ու նրբագեղ իշխանական պալատների փոխարեն սովորական քարե տուփ են կանգնեցրել, որը բնօրինակի հետ որևէ աղերս չունի։ Միևնույն ժամանակ այդ «տուփի» կառուցումը թուրքական քարոզչամեքենան ներկայացրել էր որպես հայերի նկատմամբ բարի կամքի դրսևորում։

Լուրջ մտավախություններ կան Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման ծրագրերի առնչությամբ։ 2012 թվականի դեկտեմբերին Հուշարձանների պահպանման միջազգային խորհրդի գլխավոր ասամբլեայի նիստում բանաձև ընդունվեց, որը Թուրքիային հորդորում էր անհապաղ զբաղվել փլուզման վտանգի տակ հայտնված Մայր տաճարի և Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքներով։ Դրանից հետո վանքի պատերը ամրացվեցին մետաղական կոնստրուկցիաներով, որոնք կոչված էին կանխելու փլուզումը։ «Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի» կողմից վերականգնումը ֆինանսավորելու պատրաստակամությունը հաստատելուց անմիջապես հետո Թուրքիայի մշակույթի նախարարությունը մրցույթ հայտարարեց։ Մրցույթում հաղթած թուրքական ընկերությունը աշխատանքները սկսելու համար սպասում է վերջնական հաստատմանը։ Սակայն դա ոչ միայն հուսադրում է, այլև մտավախություն առաջացնում։ Բանն այն է, որ թուրք ազգայնականները բազմաթիվ անգամ պահանջել են մզկիթի վերածել Անիի Մայր տաճարը, ինչպես դա արեցին Ստամբուլի Սուրբ Սոֆիայի ուղղափառ եկեղեցու դեպքում։

989 թվականին Տրդատ ճարտարապետի կառուցած Մայր տաճարը, որը կառուցվել է Սմբատ Երկրորդի պատվերով, թուրքերից շատերը մզկիթ են համարում միայն այն պատճառով, որ 1064 թվականին հայկական մայրաքաղաք ներխուժած սուլթան Ալփ-Արսլանը ուրբաթօրյա նամազ է անցկացրել վանքի պատերի ներսում։ Դա ժամանակակից Թուրքիայի տարածքում անցկացրած առաջին նամազն է եղել, որով Ալփ-Արսլանը երախտագիտություն է հայտնել Բարձրյալին այն ուժի համար, որն ուղարկել է հայերին ջախջախելու ու նրանց հողերը նվաճելու համար։ «Նվաճել» բառը թուրքերեն հնչում է որպես «ֆեթիհ»։ Այդ իսկ պատճառով թուրք ազգայնականները Անիի Մայր տաճարն անվանում են ոչ այլ կերպ, քան «Ֆեթհիե» և համարում են իրենց սրբությունը։ Մի քանի տարի առաջ Ազգայնական շարժում կուսակցությունը, որը Էրդողանի կոալիցիան գործընկերն է, լայնամասշտաբ քարոզչական ակցիա իրականացրեց` Անիի Մայր տաճարում ուրբաթօրյա զանգվածային նամազ կազմակերպելով։ Հենց այդ ժամանակ էլ տաճարը մզկիթի վերածելու կոչ հնչեց։ Ով իմանա, գուցե սպասվող վերականգնումը նոր խթան կհանդիսանա հայկական վանքը սուննիական մզկիթի վերածելու անհրաժեշտության մասին բանավեճերը վերսկսելու համար։ Ժամանակակից Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է։

Արտյոմ Երկանյան, Sputnik Արմենիա