Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սամվել Կարապետյանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և նախագահ, բարերար Սամվել Կարապետյանին, հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

«Շնորհակալություն հայտնելով Արցախում իրականացված հումանիտար ծրագրերի համար՝ նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ հետպատերազմյան ժամանակահատվածի խնդիրներն արագ և արդյունավետ հաղթահարելու համար շատ կարևոր է սփյուռքահայության կողմից գործնական ու շարունակական քայլերի իրականացումը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Տեղեկացվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են սոցիալ-տնտեսական ոլորտին վերաբերող խնդիրներ:

Սամվել Կարապետյանը նշել է, որ «Տաշիր» ընկերությունների խումբը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր գտնվում է արցախահայության կողքին և առաջիկայում ևս պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: