Ստեփան ԴԱՆԻԵԼՅԱՆ․ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՀԱՐՑՈՒՄ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ Է ԷՐԴՈՂԱՆԸ

Բաքվում պահվող հայ ռազմագերիների վերադարձի հարցում էական նշանակություն ունեն ոչ թե Իլհամ Ալիևի գործողություններն, այլ այն, թե այս պահին ինչ քաղաքականություն է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ԱՄՆ-ի հետ։ Ռազմագերիների վերադարձի հարցում Ադրբեջանի նախագահը երկրորդական-երրորդական դերակատարություն ունի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ շեշտելով, որ այս հարցում որոշումներ կայացնում է Թուրքիան։

Նրա կարծիքով՝ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագիծը, որով Ադրբեջանին պահանջ է ներկայացվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, Էրդողանի վրա դժվար թե շատ մեծ ազդեցություն ունենա։

«Համենայնդեպս, եթե հայ ռազմագերիներին Բաքվից բաց թողնեն, դա կարող է լինել Միացյալ նահանգների և Թուրքիայի միջև ինչ-որ պայմանավորվածութունների շրջանակում՝ ինչ-որ այլ կետում ինչ-որ այլ բան ստանալու դիմաց։ Արդյոք Թուրքիան այս պահին հարմար կգտնի ազատել հայ ռազմագերիներին, ոչ ոք չի կարող ասել, որովհետև ամեն ինչ տեղի է ունենում փակ դռների հետևում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում», - ասաց մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրինագիծ, որը պահանջում է Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին:

Օրինագիծը, որը ներկայացվել է Ներկայացուցիչների պալատի 16 անդամի կողմից, ներառում է նաև զեկույց ադրբեջանական ռազմական հանցագործությունների վերաբերյալ՝ ներառյալ արգելված զինամթերքի և սպիտակ ֆոսֆորի օգտագործումը հայ խաղաղ բնակիչների դեմ:

Aysor.am