ՀԵՏԵՎԵԼ ՄԻԱՅՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆԸ

Մինչ մեր իշխանությունն ընդունում է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի համար խիստ հետադիմական և անընդունելի մի իրավանորմ, որով քրեականացվում է ծանր վիրավորելը, իշխանությունն ինքը շարունակում է հետևողականորեն վիրավորել (միգուցե և ծանր, Քրեական օրենսգիրքը չի մանրամասնում, թե որն է ծանր վիրավորելը) այլոց, օրինակ՝ խորհրդարանական ընդդիմադիրներին։ Ճիշտ է, նախընտրական քարոզարշավի համեմատ՝ կրքերն էապես թուլացել են, բայց խոսույթի բնույթը չի փոխվել։

Մինչդեռ եթե իշխանությունն իրապես շահագրգիռ լիներ պատասխանատու խոսքի, արհեստավարժ մամուլի և բովանդակային քննադատություն լսելու հարցում, կաներ ճիշտ հակառակը՝ կքրեականացներ պաշտոնյաների կողմից ապատեղեկատվություն տալը և ոչ թե ծանր վիրավորելը։ Հարյուրավոր օրինակներ կարելի է հիշել, թե ինչպես են բարձրաստիճան պաշտոնյաները ստել, կեղծել, մոլորեցրել և մնացել անպատիժ, արդյունքում՝ քաղաքացին դարձել է այդ ապատեղեկատվության զոհը։

Պետական քարոզչամեքենան բուռն թափով աշխատում է, հեռուստաընկերությունների մեծագույն մասն արդեն իսկ լիովին կառավարելի են իշխանությունների կողմից, երևակայական Հայաստանն ու Արցախն էլ վերաշինվում են չտեսնված թափով։ Այլ կերպ ասած՝ պաշտոնական ապատեղեկատվության համար առավել քան պարարտ հող է ստեղծված։ Նիկոլ Փաշինյանի պնդումների մեծագույն մասը չի համապատասխանում ոչ միայն իրականությանը, այլև իր իսկ նախկին ասածներին։ Պարզ է, այսքանից հետո նրա ենթականերն ինչո՞ւ չպետք է սուտն ու մոլորեցումը դարձնեն պաշտոնական գործելակերպ։

Ապատեղեկատվության տրամադրման քրեականացումն, օրինակ, կարող է վերաբերել մարզպետներին, նախարարներին և իշխանական պատգամավորներին։ Միգուցե նպատակահարմար կլիներ այն տարածել նաև ընդդիմադիրների վրա, բայց փորձը, ցավոք, վկայում է, որ ընդդիմադիրների և լրագրողական հանրույթի հնչեցրած ահազանգերը, որպես կանոն, իրականանում են, իշխանության թեզերը՝ հերքվում։

Օրինակ, ամիսներ առաջ Տավուշի՝ ներկայումս պաշտոնաթող մարզպետ Հայկ Չոբանյանը կոկորդ պատռելով հայտարարում էր, թե Տավուշից ոչ մի միլիմետր հող չի զիջվելու, նման լուրեր տարածողները բանսարկուներ են, սպառնում էր անգամ դատի տալ նրանց, օրինակ՝ Հրանտ Բագրատյանին։ Բավական էր, որ Փաշինյանն ԱԺ ամբիոնից շրջանառեր Տավուշում «երբեմնի ադրբեջանական անկլավների» մտացածին թեզը, և նա ու կուսակիցները (հատկապես Տավուշի մարզպետ, Փաշինյանի քավոր Հայկ Ղալումյանի եղբայր Վահե Ղալումյանը) նույն ջանադրությամբ սկսեցին պնդել, թե «հանձնվելիք գյուղերը հայկական չեն» ։

Արարատի մարզպետ նշանակված գործարար Ռազմիկ Թևոնյանը, որի որդին, ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Սեդրակ Թևոնյանն է (թեև Հայաստանում ԽԾԲ-ն կարծես պետք է վերացած լիներ), բազմիցս հայտարարել է, թե Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու մասին լուրերը հերյուրանքներ են։ Որևէ մեկը լսե՞լ է պաշտոնական պարզաբանում վարչապետից, Անվտանգության խորհրդի քարտուղարից կամ պաշտպանության նախարարից, որ Տիգրանաշենը որևէ դեպքում չի հանձնվելու թշնամուն։ Մարզպետը որևէ իրավասություն չունի նման որոշում կայացնելու, նրան անգամ տեղյակ չեն պահի այդ մասին, ինչպես Հայկ Չոբանյանին։

Տիգրանաշենի հնարավոր հանձնման մասին ամենախոսուն փաստն ամիսներ առաջ Հանրային հեռուստաընկերության կողմից դրա տեղեկատվական-քարոզչական նախապատրաստումն էր։ Հանրայինի ռեպորտաժը խոսում էր թշնամու քարտեզներով և տերմիններով՝ ադրբեջանական անկլավ, Քյարքի, հայկական վերահսկողության ներքո գտնվող երբեմնի ադրբեջանաբնակ գյուղ, և այլն։ Օվերտոնի պատուհանը բացված է, և թափանիվը հնարավոր չէ հետ պտտել։

Պաշտոնական ապատեղեկատվություն, սուտ և մանիպուլյացիա տարածող այս քաղաքական գործիչները, ինչպես և նրանց գործընկերների մեծագույն մասը, չունեն ոչ միայն քաղաքական խիզախություն՝ սկզբունքային դիրքորոշում հայտնելու, այլև նույնիսկ տարրական տղամարդկություն՝ ընդունելու իրենց սխալը, ներողություն խնդրելու և հեռանալու, փոխարենը վերջին մորթապաշտի պես հիմա էլ հիմնավորում են իրենց առաջնորդի նոր թրքահաճո թեզերը։