Իրանը հայտարարել է, որ լավ հարաբերություններ է պահպանում Ադրբեջանի և Հայաստանի հետ
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ է պահպանում Բաքվի և Երևանի հետ, փոխանցում է IRNA-ն: Սաիդ Խաթիբզադեն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցությունը որևէ երկրի հետ չի հակասում որևէ այլ պետության:
Անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի` Թեհրան կատարած այցին` մամուլի քարտուղարը նշել է, որ այցն արդեն պլանավորված էր և տեղի ունեցավ երկկողմ հարաբերությունների ընդլայնման կապակցությամբ:
Միրզոյանը հոկտեմբերի 4-ին ժամանել է Թեհրան` իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիրաբդոլլահիանի հետ երկկողմ և տարածաշրջանային կարևոր հարցերի շուրջ բանակցություններ վարելու համար:
Խոսելով Ադրբեջանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ ահաբեկիչների առկայության մասին` ներկայացուցիչն ասաց, որ Իրանն այդ հաղորդագրությունները ստացել է պատերազմի հենց սկզբից: Նա ընդգծեց, որ այդ բոլոր զեկույցները Թեհրանը փոխանցել է Բաքվի իր գործընկերներին:
Իրանը վերջին ամիսներին միշտ սկզբունքային քաղաքականություն է վարել, ասաց Խաթիբզադեն՝ հավելելով, որ Իսլամական Հանրապետությունը Բաքվի իր գործընկերներին ասել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ազգային ինքնիշխանությունը և օգնել է իր հյուսիսարևմտյան հարևանին պահպանել դրանք:
Ինչ վերաբերում է ադրբեջանական հողից Իրանի դեմ Սիոնիստական ռեժիմի քայլերին և հայտարարություններին, ներկայացուցիչն ասաց, որ Բաքուն չպետք է թույլ տա, որպեսզի երրորդ կողմը չարաշահի իր սահմաններն ու հողը:
Նրա խոսքով` Իրանը լավ գիտի` ինչպես պաշտպանել իր անվտանգությունը, սակայն Ադրբեջանը պետք է կատարի իր ինքնիշխան պարտականությունները:
Նաև, անդրադառնալով Ադրբեջանում իրանցի վարորդների ձերբակալությանը, Խաթիբզադեն նշել է, որ Իրանն իր վարորդների նկատմամբ վարքագիծ բարիդրացիական չի համարում:
Նա հավելել է, որ Ադրբեջանի պաշտոնատար անձինք պետք է ավելի զգույշ վերաբերվեն իրենց սահմանապահների պահվածքին Իրանի քաղաքացիների նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը: