Պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունը գտնվում է պարտադրանքի տակ
Խաղաղության թեզի ներքո Հայաստանը հայտնվելու է Ադրբեջանի կողմից խաղաղության խաբկանքի մեջ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով խաղաղության մասին հայտարարություններին։
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ՀՀ կառավարության համար խաղաղության օրակարգն առաջնահերթություն է։ Ավելին, նա խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին։
«Մենք չունենք իրավապայմանագրային հենք, չունենք քարտեզներ, որոնք հիմք կհանդիսանան մեր սահմանները ճշտելու համար։ Բոլորն էլ կողմնակից ենք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի, բայց դրա համար պայմաններ են պետք. և՛ Ադրբեջանի, և՛ Թուրքիայի ղեկավարության հռետորաբանությունն ուղղված է Հայաստանի ղեկավարության վրա ճնշումներ գործադրելուն»,–ասաց Օհանյանը։
Նա հավելեց, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ բանակցային գործընթացի ձախողմամբ հայտնվեցինք պատերազմի ճիրաններում։ Ավելին, 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները գտնվում են պարտադրանքի մեջ։ Ուստի, ըստ Օհանյանի, մեզ պետք են մարդիկ, որոնք կարող են բանակցել և որոնք թելադրանքի ներքո չեն գտնվում, իսկ այդ առումով Հայաստանի իշխանությունները շատ վատ վիճակում են այսօր։
Նրա խոսքով` Հայաստանի ղեկավարությունը պետք է լուրջ աշխատանք տանի և՛ մեր անվտանգության համակարգի ձևավորման, և՛ միջազգային հարթակում խելացի բանակցություններ վարելու համար, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։