Վահե Հակոբյանը՝ ԶՊՄԿ-ի մասին․ Սա անհասկանալի գործարք է

Սա անհասկանալի գործարք է, կարծում եմ՝ շատ մարդիկ կան, որոնք նույնպես չեն հասկանում՝ ինչու կատարվեց այս գործարքը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգմավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով նրան, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից «Արդյունաբերական ընկերություն»-ը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը։

«Բայց ես պետք է ներողություն խնդրեմ ձեզնից, քանի որ դեռ շատ բաներ կան պարզելու, ես շատ չեմ կարող տարածվել այս հարցում, բայց խոսք եմ տալիս, որ երբ բոլոր կողմերը կարտահայտվեն և կհստակեցվի, թե սա ինչ նպատակ էր հետապնդում, ես անպայման կխոսեմ:

Իմ մոտ կա հստակ տպավորություն, որ նույն այս կառավարությունը, մեղմ ասած, գցել է թյուրիմացության մեջ նույն ձուլարանների մասով, ներդրումների մասով: Ես շարունակում եմ պնդել, որ Հայաստանում անհնարին է կառուցել ձուլարան: Իհարկե, հնարավոր է, բայց ինչ հետևանքներ դա կունենա, դա է հարցը»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ինչպես է սեփականատերերի փոփոխություն եղել և ռուսական «Արդյունաբերական ընկերությունը» դարձել 60 տոկոսի սեփականատեր, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Երբ սեփականատեր ընկերությունն իր բաժնետոմսերն ուզում է վաճառել մեկ ուրիշին, մյուս բաժնետերերը դրանից տեղյակ չեն, նրանք դրա մասին իմանում են, երբ գործարքը ֆիքսվել է: Հիմա մի X ընկերություն վաճառել է Y-ին, այդ Y-ն էլ իր գնածից տոկոս է նվեր տվել կառավարությանը: Թե սա ինչ նպատակ է հետապնդում, շուտով կիմանանք»:

Նա նաև հավելեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքից ինքը հասկացել է, որ կառավարությանն անցած 15 տոկոսը ղեկավարում է հենց կառավարության աշխատակազմը, տեղեկացնում է News.am: