Լավրովը Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ քննարկել է «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ իր իրանցի պաշտոնակից Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանի հետ քննարկել է Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի հետ միասին «3+3» ձևաչափ ստեղծելու նախաձեռնությունը՝ տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով:

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, խոսելով բանակցությունների ավարտին կայացած մամուլի ասուլիսում՝ Լավրովը հիշեցրել է, որ հենց Ռուսաստանն է որոշիչ դեր խաղացել Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցման և եռակողմ համաձայնագրի կնքման գործում, որի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղակայվել է տարածաշրջանում:

«Բացի այդ, նույն համատեղ հայտարարությունը պարունակում էր սկզբունքներ, որոնք սահմանում են կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը, ներառյալ ՝ տարածաշրջանում բոլոր տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման աշխատանքները, ինչից կշահեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլև Վրաստանը: Դրանից կշահեն նաև Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան՝ որպես երեք երկրների ամենամոտ հարևաններ: Մենք այսօր քննարկել ենք «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը՝ երեք հարավկովկասյան երկրներ և նրանց երեք խոշոր հարևաններ` Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան», - ասել է ռուսաստանցի նախարարը:

Լավրովի խոսքով՝ իրանական կողմն այս գաղափարին դրական վերաբերմունք է ցուցաբերել, նույն վերաբերմունքն է նկատվում Ադրբեջանում և Թուրքիայում:

«Աշխատում ենք մեր հայ գործընկերների հետ: Հուսով ենք, որ Վրաստանը, չնայած իր առջև ծառացած բոլոր խնդիրներին, կկարողանա տեսնել իր հիմնական շահը»,- հավելել է Ռուսաստանի արտգործնախարարը, տեղեկացնում է Մեդիամաքս: