ԱՅԼԱՍԵՐՎԱԾ ՑԻՆԻԶՄ. ԻՍՐԱՅԵԼԸ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՇԽԱՏՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

Մի քանի օր առաջ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (Ամերիկայի Հայ ազգային կոմիտե) տարածեց հետևյալ բովանդակությամբ հաղորդագրություն. «Իսրայելը, լինելով ցեղասպանություն վերապրած պետություն, որպես իր դեսպան Ադրբեջան է ուղարկում Հայոց ցեղասպանությունը վերապրած էթնիկ հայերի ժառանգին»: Խոսքը Ջորջ Դիկի մասին էր, որը, ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, ինքն իրեն նույնականացնում է որպես էթնիկ հայ և Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ։

Իրականում 37-ամյա Ջորջ Դիկը (George Deek) Բաքվում դեսպանի պաշտոնում նշանակվել է դեռևս 2018-ի նոյեմբերին, իսկ աշխատել սկսել է 2019-ի ամռանը։ Նրա հայկական արմատների մասին համացանցում հիշատակումներ գրեթե չկան, դիվանագետին անվանում են «Իսրայելի ԱԳՆ-ի հաստիքակազմում ընդգրկված և հետո դեսպան նշանակված առաջին քրիստոնյա արաբ»: Դիկի ծնողները Լիբանանից են։ Իր հայկական արմատների մասին նա հայտնել էր Twitter-ում դեռևս 2015-ի ապրիլին: «Հայրիկիս տատիկի անունը հայկական է՝ Անթարան Ղամբարյան (հնարավոր է՝ Անթառամ-Մ.Գ.): Նա վերապրել է Հայկական ողբերգությունը...»։ Իսկ որպեսզի պարզ լինի, թե ինչ «Հայկական ողբերգության» մասին է խոսքը, հղում է կատարել նույն օրը՝ 2015 թվականի ապրիլի 12-ին USAToday կայքում հրապարակված հոդվածին՝ «Թուրքիան զայրանում է Հռոմի Պապի վրա՝ «ցեղասպանության» հիշատակման համար» վերնագրով։

Նախքան Բաքվում դեսպան նշանակվելը Ջորջ Դիկն Իսրայելի դեսպանատներում աշխատել է Նիգերիայում և Նորվեգիայում։ Նա ընդամենը 34 տարեկան էր, երբ ԱԳՆ-ը նրան դեսպան նշանակեց Ադրբեջանում։ Հայ Դատի կարծիքով՝ դա «ամենախայտառակ նշանակումն է դիվանագիտության պատմության մեջ»։ «Երկիր, որը բացահայտ փորձում է ավարտին հասցնել այդ հանցագործությունը»,- ասված է կոմիտեի վերոնշյալ հայտարարության մեջ: Դրա հետ դժվար է չհամաձայնել, մանավանդ երբ կարդում ես մեկ տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի օրերին Ջորջ Դիկի արած հայտարարությունները, երբ թուրքական հանցավոր տանդեմը կրկին, 105 տարվա մեջ արդեն որերորդ անգամ անցել էր հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության ակտիվ իրականացմանը, շարունակելով հենց այն «Հայկական ողբերգությունը», որից հաջողվել է փրկվել դեսպանի նախատատին։

2020թ.հոկտեմբերի 18-ին Բաքվի ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Դիկը հայտարարեց, թե «բռնությունն ու քաղաքացիական բնակչությանն ուղղված սպառնալիքներն անթույլատրելի են»: Եվ պատմեց «հայկական սադրանքների և հանցագործությունների մասին, որոնք կատարվել են Ադրբեջանի դեօկուպացված տարածքներում տեղի քաղաքացիական բնակչության դեմ, ներառյալ հրթիռային ու հրետանային հարվածները»: Չմոռանալով ընդ որում հայտնել «Իսրայելի ամուր աջակցությունն ու համերաշխությունը իր դաշնակից Ադրբեջանի հետ»: Ոչ ոք չէր էլ կասկածում… Արդեն այս տարվա ամռանը Դիկը մի քանի անգամ եղել է Արցախի բռնազավթված տարածքներում, այդ թվում՝ Շուշիում։

Հասկանալի է, որ դեսպանն արտահայտում է իր երկրի պաշտոնական դիրքորոշումը։ Ջորջ Դիկը, միանգամայն հնարավոր է, չի էլ մտորել 20-րդ դարասկզբին իր նախատատի վերապրած «Հայկական ողբերգության» խորքային կապի մասին այն ամենի հետ, ինչ տեղի էր ունենում 106 տարի անց Արցախում։ Հարցն այստեղ ավելի շատ վերաբերում է այլ բանի՝ առանձնահատուկ այլասերված ցինիզմին, որով Իսրայելի ԱԳՆ-ը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում նշանակում է հայկական արմատներ ունեցող դիվանագետի։

Հապա մտամուխ եղեք. 20-րդ դարի երկրորդ ցեղասպանությունը վերապրած պետությունը (ազգը) 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովրդի դեմ 21-րդ դարում ցեղասպան քաղաքականությունը շարունակող երկրում իր դեսպան է նշանակում առաջին ցեղասպանությունից փրկվածներից սերող իր քաղաքացուն։ Սա, համաձայնեք, դուրս է գալիս նույնիսկ քաղաքականության սովորական ցինիզմի և անբարոյականության շրջանակներից, չտեղավորվելով մարդկային ցանկացած տարրական նորմերի շրջանակներում։

Այն փաստարկները, թե իբր՝ Ջորջ Դիկը հասակ է առել Իսրայելում և առհասարակ ընդհանուր ոչինչ չունի հայերի հետ, տվյալ դեպքում սնանկ են։ Նրա գրառումը, որն արվել է, ընդգծեմ, 2015-ի ապրիլին՝ Ցեղասպանության հիշատակի ամսին և հարյուրամյակի տարում, վկայում է, որ այդ երիտասարդ ու գերազանց կրթված անձնավորությունն ինչ-որ կերպ առնչվել է իր նախնիների պատմությանը և լավ գիտի «Հայկական ողբերգության» մասին։ Այդուհանդերձ նա համաձայնել է դեսպան դառնալ Բաքվում և «դատապարտել հայերի հանցագործությունները ադրբեջանցի քաղաքացիական անձանց դեմ», երբ Ադրբեջանի զինված ուժերը զանգվածային հրեշավոր հանցագործություններ էին կատարում Արցախում հայ ժողովրդի դեմ։

«Երկիր, որը բացահայտ փորձում է ավարտին հասցնել այդ հանցագործությունը (Հայոց ցեղասպանությունը Մ.Գ.)»,- այսպես է բնութագրում Հայ Դատը Իսրայելին՝ նկատի ունենալով այդ երկրի ամենաուղղակի և անմիջական ներգրավվածությունը թե՛ Ապրիլյան, թե՛ 44-օրյա պատերազմներում: Ինչպես նաև այն փաստը, որ Հոլոքոստ վերապրած երկիրը հավատարիմ դաշնակից և զենքի գլխավոր մատակարար է դարձել Ադրբեջանի համար, որի նպատակն է ավարտին հասցնել իր ավագ եղբոր՝ Թուրքիայի ոճիրը հայ ժողովրդի նկատմամբ։ Ինչ նպատակով էլ, ըստ էության, ստեղծվել է այդ պետությունը Թուրքիայի կողմից, այդուհանդերձ չկարողանալով ինքնուրույն լուծել խնդիրը, չնայած ամենաժամանակակից ու հզոր սպառազինությանը։

Զենքի վաճառքը պետությունների համար անչափ շահութաբեր բիզնես է, դա անվիճելի է։ Բայց հիշենք իսրայելական արտադրության հարվածային անօդաչուների կիրառման ցնցող մանրամասները, որոնք ի հայտ եկան Ապրիլյան պատերազմից հետո։ Հենց Իսրայելի լրատվամիջոցներն են գրել, որ պաշտոնական Բաքվի խնդրանքով արտադրող ընկերության աշխատակիցներն անձամբ են եկել տարածաշրջան՝ Արցախի բնակիչների վրա իրենց մահաբեր արտադրանքը փորձարկելու համար։

Բիզնես և մեծ գումարներ, իհարկե, ոչ մի անձնական բան։ Բայց հարցն այն է, որ Իսրայելի կառավարությունը 2017-ին ցուցադրաբար զրկեց այդ ընկերությանն արտոնագրից, որպեսզի ինչ-որ կերպ սրբի խայտառակության խարանը, սակայն արդեն 2019-ի սկզբին կրկին թույլատրեց ԱՕԹՍ-ների և՛ արտադրությունը, և՛ արտահանումն Ադրբեջան։ Այժմ արդեն կարելի է վստահորեն փաստել. դա արվեց Արցախի դեմ 2020 թվականի աշնանային ագրեսիայի նախապատրաստման շրջանակներում, որտեղ իսրայելական անօդաչու թռչող սարքերը կրկին մահ ու ավերմունք էին սփռում Արցախի քաղաքներում ու գյուղերում։ Գիտե՞ր արդյոք այդ մասին հայերին խստիվ դատապարտող Ջորջ Դիկը։ Իհա՛րկե գիտեր, չէր կարող չիմանալ։

Այդ դաժան ռազմական ագրեսիայի գլխավոր մեղավորների, և հետևաբար՝ մարդկության դեմ հանցագործություններում ոճրակիցների ցանկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեկտեղ նշվում են Պակիստանը, Իսրայելը և միջազգային ահաբեկիչները։ Հրեա ժողովրդին դո՞ւր է գալիս այդ ամոթալի ընկերախումբը: Հրեական պետության կառավարությանը, կարելի է վստահորեն պնդել, դա նույնիսկ շատ է դուր գալիս, քանի որ ոչ միայն հսկայական շահույթ է բերում, այլև ուղղված է հայ ժողովրդի դեմ և միտված Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելուն:

Ցինիզմի այլասերվածությունն ամփոփված է նաև նրանում, որ նման քաղաքականությունը միանգամայն գիտակցված ու կանխամտածված է Իսրայելի իշխանությունների կողմից։ Մենք, իհարկե, այստեղ չենք վերլուծի այդ հանգամանքը. դա առանձին և շատ բարդ թեմա է փորձագետների համար: Բայց Ջորջ Դիկի նշանակումը Ադրբեջանում դեսպանի պաշտոնում, անկասկած, դրա հերթական դրսևորումն էր, մանավանդ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարում իր հայկական արմատների հրապարակային ճանաչումը նրա կողմից և Ցեղասպանության ուղղակի ակնարկը։ Ընդամենը երեք տարի անց նա պատրաստակամությամբ ընդունեց նշանակումը Ցեղասպանության շարունակող երկրում դեսպանի պաշտոնում, ընկալելով դա ընդամենը որպես կարիերայի աստիճանահարթակ, իսկ հետո նաև հանդես գալով ոչ միայն հակահայկական, այլև հակամարդկային դիրքերից։

Թվում է, թե ցեղասպանության հրեշավոր ողբերգությունը վերապրած ժողովուրդներին պետք է միավորի առաջին հերթին այդ չարիքի կտրական դատապարտումը և համատեղ պայքարը ցանկացած վայրում դրա կրկնության դեմ։ Ոչ ոք ոչ մեկին չի պարտադրում իր դաշնակիցը լինել, քա՜վ լիցի։ Բայց մեկ բան է սերտ ու շահավետ կապերի հաստատումը ինչ-որ երկրի հետ, և բոլորովին այլ բան՝ բացահայտ մասնակցությունը ժամանակին հենց քո դեմ իրականացված ցեղասպանության ոճրագործությանը։

Հավանաբար, նույնիսկ քաղաքականության մեջ այնուամենայնիվ չափ ու սահման կա, պե՛տք է լինի, ցինիզմին, հաշվենկատությանն ու բարոյազրկությանը։ Կան մարդկային և բարոյական նորմեր, որոնց ոտնահարումը նշանակում է հայտնվել ոչ թե քաղաքակիրթ, այլ վայրի ժողովուրդների, բարբարոսների ցուցակում։

Դատելով ամենից, Իսրայելի իշխանությունների համար այդ սահմանն ու այդ նորմերը գոյություն չունեն ։