«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՍՏԻՈՆԻ» ԲԻՐՏ ՇԱՆՏԱԺԸ

«Ժողովրդավարության բաստիոնի» կառավարությունը, ինչպես անվանել է Հայաստանն Արարատ Միրզոյանը, պատվաստման անհրաժեշտության մասին ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքի փոխարեն՝ նախընտրել է ավտորիտար ռեժիմին բնորոշ ճղճիմ, կացնի հարվածի պես բիրտ մեթոդը։ Թեպետ, ներկայիս իշխանություններին ավելի հոգեհարազատ է չագուճը։ Դե, կացին, թե չագուճ՝ տվյալ դեպքում տարբերություն չկա։ Ինչո՞ւ նեղություն տան իրենց, ինչ-որ բան բացատրեն ինչ-որ մեկին, եթե կարելի է վարվել ինչպես հայտնի ֆիլմում. եթե չգնեն տոմսերը, գազը կանջատենք։ Մեր դեպքում՝ կհեռացնեն աշխատանքից։

Այն մասին, որ պատվաստումից կամ երկու շաբաթը մեկ ՊՇՌ տեստ անցնելուց հրաժարվելը հոկտեմբերի 1-ից սպառնում է աշխատանքից հեռացումով, հայտնի էր առողջապահության նախարարի հրամանի հրապարակման պահից ի վեր: Ճիշտ է, իրավական հիմքը կաղում էր։ Առողջապահության նախարարությունը լրացրեց այդ բացը՝ փոփոխությունների մի ամբողջ փաթեթ հապշտապ կցմցելով Աշխատանքային օրենսգրքին և «Հանրային ծառայության մասին» օրենքին։ Նախագծով բառացիորեն զոռով խցկած են հիմնավորումներ, որոնք գործատուից պահանջում են թույլ չտալ աշխատել պատվաստում կամ ՊՇՌ տեստ չանցած մարդկանց, չեղարկել աշխատանքային պայմանագիրը նրանց հետ:

Օրենսդրական փաթեթը հոկտեմբերի 8-ից զետեղված է նորմատիվ ակտերի նախագծերի e-draft.am միասնական կայքում և այնտեղ կմնա մինչև հոկտեմբերի 25-ը, որից հետո կառավարությունը, բնականաբար՝ հավանություն տալով, կուղարկի դա խորհրդարան։ Այն, որ իշխող խմբակցությունը ողջ կազմով կողմ կքվեարկի, կասկածից վեր է։ Թեև օրինագծի նկատմամբ հասարակության վերաբերմունքը ցայտուն կերպով ցույց է տալիս քաղաքացիների քվեարկության պատկերը. միայն երեք օրում e-draft.am-ում արդեն 93%-ը դեմ է քվեարկել և միայն 7%-ը՝ կողմ։

Отказ вакцинироваться чреват в конечном итоге увольнением с работы

Կրկնում ենք, մենք դեմ չենք պատվաստումներին, մենք դեմ ենք կառավարության բիրտ գործելակերպին։ Համոզված ենք, որ նույն Առողջապահության նախարարության այլ գործելակերպի դեպքում հասարակայնության վերաբերմունքը ճիշտ հակառակը կլիներ։

Թե որքանով է տվյալ իրավական ակտն իր բնույթով իրավական, թող դատեն իրավաբանները։ Սակայն որոշ փորձագետներ արդեն այսօր կանխատեսում են, որ այդ օրենքի կիրառումը հայցերով կհեղեղի քաղաքացիական գործերով առանց այդ էլ ծանրաբեռնված դատարանները, քանի որ, ըստ էության՝ պատվաստվել հարկադրող օրինագիծն ինքնին հակաիրավական է։ Փաստաթղթին այսպիսի գնահատական է տվել իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում։

Մինչդեռ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ի ընդունած «Պատվաստանյութեր COVID-19-ի դեմ. Էթիկական, իրավական և գործնական նկատառումներ» անվանումով բանաձևում ասվում էր, որ անհրաժեշտ է տեղեկացնել բնակչությանը պատվաստման ոչ պարտադիր լինելու մասին, և որ ոչ ոք չի կարող պատվաստվել քաղաքական կամ սոցիալական ճնշման տակ, եթե նման ցանկություն չունի: Բանաձևում նշվում էր նաև, որ գիտնականները տպավորիչ աշխատանք են կատարել կարճ ժամանակահատվածում և այժմ գործելու հերթը կառավարություններինն է։ Բառացիորեն մի քանի օր առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց նոր բանաձև՝ նույն հանձնարարականներով։

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը պետք է հասանելի լինեն բոլորին և ամենուր, անկախ սեռից, ռասայից, կրոնից կամ այլ գործոններից»,- ընդգծվում Է բանաձևում: Սակայն ԵԽԽՎ-ն նաև կոչ է անում կառավարություններին երաշխավորել, որ ոչ ոք խտրականության չի ենթարկվի այն պատճառով, որ չի պատվաստվել, եթե նա հակացուցումներ ունի կամ պատվաստման անցնելու ցանկություն չունի:

Ասենք, հայրենի կառավարությունը բավական ընտրողական մոտեցում ունի ընդհանրապես ԵԽԽՎ-ի և մասնավորապես նրա բանաձևերի նկատմամբ, ինչում համոզվելու հնարավորություն հասարակությունը երեքուկես տարվա ընթացքում արդեն ունեցել է։ Այն էլ բազմիցս։ Եվ դատելով Փաշինյանի վճռական տրամադրվածությունից, գործադիր իշխանությունը օրենսդիրի հետ միասին հավանություն կտա օրինագծին առանց աչք թարթելու։

Թերահավատներին, ովքեր կարծում են, թե Առողջապահության նախարարության մամլո քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը պարզապես ամբաղ-զամբաղ խոսում էր՝ ասելով, թե չի բացառում, որ պատվաստված քաղաքացիներին մի քանի ամիս անց կբուժեն միայն վճարովի հիմունքներով, չարաչար սխալվում են։ Նա նշեց նույնիսկ բուժման գինը. 800 հազար դրամ։ Կրկին թողնենք, որ իրավաբանները դատեն, թե որքանով է իրավական այս որոշումը, եթե այն ընդունվի։

Սակայն այդ հայտարարությունը նույնպես մեկ անգամ ևս ապացուցում է, որ Եվրոպայի խորհրդի հանձնարարականների և բանաձևերի վրա, որի անդամ է նաև Հայաստանը, մեր իշխանությունը թքած ունի։ COVID-19-ի դեմ պատվաստումը մեծ հաշվով դեռևս լոկ լայնածավալ բժշկական գիտափորձ է: Եվ դրան մասնակցելու հարկադրանքն ակնհայտորեն հակաիրավական է և անբարո։

Իսկ կամավոր-հարկադիր պատվաստումն այնպիսի բիրտ մեթոդով, ինչպիսին աշխատանքից հեռացումն է, այդ առումով արտոնությունները վարչապետի, նախագահի, խոսնակի, պատգամավորների, համայնքների ղեկավարների և այլ ընտրովի պաշտոնների համար, ինչպես նաև կորոնավիրուսն անվճար բուժելուց պետության հրաժարումը, լոկ ուժգնացնում են պատվաստումների դեմ տրամադրությունները և ահռելի հիմք տալիս կոնսպիրոլոգիայի համար։ Բավական չէ, որ օրենսդրական փոփոխությունները՝ ընտրովի պաշտոնների համար իրենց բացառություններով, ամենաիսկական խտրականություն են, դեռ մի բան էլ նախատեսվում է նաև մեկ ա՞յլ բաժանում «սևերի» ու «սպիտակների». խտրականություն պատվաստումների հիման վրա։ Առողջապահության նախարարության մամլո քարտուղարի հայտարարությունն ավելի շատ նման է պատվաստման հարկադրող շանտաժի։

Իհարկե, սա դեռ լոկ հայտարարություն է, բայց չպատվաստվածներին վճարովի բուժելու բուն գաղափարը սոցցանցերում ակտիվորեն առաջ է մղվում իշխանական քարոզիչների կողմից։ Բացի այդ, կյանքը ցույց է տվել, որ այն ամենը, ինչ նրանք հրապարակում են փորձնականորեն, այնուհետ կյանքի է կոչվում։ Ասենք, դա նորմալ է ավտորիտարիզմի բաստիոնի համար։ Արդեն որերորդ անգամ առիթ ունենք համոզվելու, որ մարտահրավերներին համարժեք արձագանքելու իշխանության ունակությունը ուղիղ համեմատական է այն կացին-չագուճային ձեռնարկումների համարժեքությանը, որոնք նա փորձում է իրականացնել, ընդ որում՝ հաճախ նապոլեոնական թափով…