Աֆղանստանի իրադարձությունները կարող են լրջորեն ազդել Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում իրավիճակի վրա
Իրաքից և Սիրիայից ահաբեկիչները ձգվում են դեպի Աֆղանստան, նրանք կարող են փորձել ապակայունացնել իրավիճակը ԱՊՀ երկրներում, ուստի պետք է մշտապես վերահսկել իրավիճակը սահմանին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Իրաքից, Սիրիայից մարտական գործողությունների փորձ ունեցող զինյալներն ակտիվորեն ձգվում են այնտեղ: Հետևաբար, բացառված չէ, որ ահաբեկիչները փորձեն ապակայունացնել իրավիճակը հարևան պետություններում, ներառյալ՝ ԱՊՀ երկրներում, ընդհուպ ուղղակի էքսպանսիա սկսելը»,- ասել է նա՝ ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպման ժամանակ:
«Այս առումով կարևոր է մշտապես վերահսկել իրավիճակը աֆղանական սահմանին և պատրաստ լինել հակազդել զինյալներին, իսկ դրա համար՝ համակարգել անվտանգության ուժերի աշխատանքը, անհրաժեշտության դեպքում՝ համատեղ հատուկ գործողություններ իրականացնել»,- հավելել է ՌԴ նախագահը:
«Աֆղանստանի տարածքից պոտենցիալ սպառնալիքների չեզոքացումը հատուկ նշանակություն ունի ԱՊՀ անվտանգության ապահովման համար: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ լուրջ ազդեցություն կարող են ունենալ այս երկրի իրադարձությունները Կենտրոնական Ասիայում, Անդրկովկասում և այլ տարածաշրջաններում իրավիճակի վրա»,- նշել է Պուտինը, տեղեկացնում է News.am-ը: