ԲԹԱՑՆԵԼ ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍՏԻՊԵԼ ՀԱՄԱԿԵՐՊՎԵԼ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՌՆԱԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Այն, որ մեր հանրության հավաքական հիշողությունը բավական կարճ է, համոզվելու առիթներ շատ ենք ունեցել։ Պատերազմից ընդամենը մեկ տարի է անցել, բայց մի շարք առանցքային իրադարձությունների մասին այսօր չեն էլ հիշում, հետևաբար՝ պատասխան պահանջող էլ չկա։ Քննիչ հանձնաժողովի ձևավորումը տապալվում է, մանրումեծ տարբեր զինվորականներ՝ ընդհուպ մինչև պաշտպանության նախկին նախարար, նշանակվում են մեղավոր, հետևաբար՝ պատերազմի ընթացքի խորքային քննության հանրային պահանջն էլ ցավալիորեն մարում է։

Անցած տարի այս օրերին՝ հոկտեմբերի 12-ին և 19-ին, Նիկոլ Փաշինյանը երկու հանդիպում ունեցավ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ, որոնցում, ինչպես հետո պարզվեց, պատմել էր մեր ծանր դրության և անհուսալի վիճակի մասին։ Պետք է հիշել, թե ի՞նչ էր կատարվում այդ ընթացքում պաշտոնական տեղեկատվական տիրույթում (ոչ պաշտոնական, ասել է թե՝ իրական տեղեկատվության հաղորդումը պարզապես արգելված էր)։

Ամեն օր հեռուստաեթերում հայտնվող ՊՆ պաշտոնական ներկայացուցիչն ու Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի մյուս բանախոսներն «ավետում» էին՝ «Այսօր մենք կարևոր ճեղքում ենք արել», «Գետաշենի ու Շահումյանի ազատագրումը մեկնաբանության ենթակա չէ», իսկ որոշ զինվորականներ և հատկապես ազատամարտիկներ էլ, անհասկանալի դրդապատճառներով, ավելի հեռուն էին գնում՝ «Այս պատերազմով Բաքուն մոխրի մեջ է լինելու», «Կասպից ծովում կլվանք մեր ոտքերը և կստիպենք, որ Ալիևը խմի այն», «Յաշման մեր ոտատակի փալասն է», և այլն։ Այս տեղեկատվական աղբի շուրջօրյա մատակարարումը խրախուսվում էր պետականորեն՝ պարտակելու ռազմաճակատային անհաջողությունները։

Զգոնության հետևողական բթացումը թանկ արժեցավ զորքին և ժողովրդին։ Ջրականի կամ Հադրութի կորուստն ընդունելու կամ պատերազմը հնարավորինս հրատապ կանգնեցնելու տարբերակների քննարկման փոխարեն՝ առավոտից երեկո խոսվում էր անկարևոր կամ մտացածին թեզերի մասին, օրինակ՝ իբր մենք Արցախի հարցը լուծել ենք դեռևս 1994-ին, կամ որ Ադրբեջանում վարձկաններին զինվոր չեն համարում և անգամ նրանց դիակները չեն հավաքում: Սա այն դեպքում, երբ պատերազմից մեկ տարի անց մեր զոհերի աճյունների որոնումները մարտադաշտում շարունակվում են։

Քարոզչական կամ բարոյահոգեբանական ի՞նչ արժեք ունեին այն պնդումները, թե Ադրբեջանը, ինչ զենք էլ ունենա, ոգի չունի, այդ պատճառով ներգրավում է ռուս, ուկրաինացի, մահմեդական վարձկանների կամ թուրք հրահանգիչների։ Ի՞նչ էր դա տալիս հայկական բանակին և հանրությանը՝ բացի ինքնախաբեությունից և բարեխիղճ մոլորությունից։ Ի՞նչ կարիք կար պնդելու, թե թշնամու գերազանցող ուժերի դեմ Արցախի Պաշտպանության բանակը կարող է փոքրաթիվ ուժերով, առանց նույնիսկ ՀՀ ԶՈՒ բանակային կորպուսների մասնակցության, հաղթել, երբ անգամ բանակում չծառայածին պարզ է, որ դա անհնար է։ Ի՞նչ նպատակով էր արվում այդ նենգ մոլորեցումը։

Սուն-Ցզին, Կլաուզևիցը և այլ խոշոր մտածողներ, ռազմական ստրատեգներ սովորեցնում էին, որ ցանկացած պարտության հիմքում թշնամու թերագնահատումն է։ Ի՞նչ նպատակով էր պետականորեն թշնամին ներկայացվում իբրև ոչ մարտունակ, անկանոն, խառնիճաղանջ, անկազմակերպ և պարտության դատապարտված զորք, երբ ցավալիորեն այդպիսին դարձավ Հայաստանը։

«Ադրբեջանը միշտ խայտառակ կերպով պարտվել է, սա կլինի նրանց վերջնական ջախջախումը», «ադրբեջանցիները տիրապետում են միայն քնած մարդ մորթելու արվեստին», «մարտի դաշտում այդ ոհմակը ունակ չէ կռվի», «շնագայլերն ուտում են թշնամու դիակները» և նման այլ անհեթեթություններն էին նաև, որ հրամանատարությանը, զորքին և ժողովրդին ստիպեցին հանցավոր ինքնավստահությամբ վերաբերվել հայրենիքի պաշտպանությանը՝ հավատալով սեփական անհաղթելիությանը։ Բայց նույնիսկ նման դառը պարտությունից հետո այս իշխանությունը չի հրաժարվել պետական ապատեղեկատվության այս գործելակերպից։ Միգուցե հերթական ցավալի զիջո՞ւմն է նախապատրաստվում։