Տնտեսագետ․ Ջրի սակագնի բարձրացումը հանգեցնելու է շղթայական գնաճի

Ջրի սակագնի թանկացումը կանխատեսելի էր, և սա շղթայական ռեակցիայի հերթական օղակն է ,որն, ի վերջո, հանգեցնելու է շղթայական գնաճի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«Թանկացումների շղթան անընդհատ պտտվելու է, ինչի արդյունքում եկամուտները չաճած կամ դանդաղ աճող մարդիկ ֆինանսական կորուստներ են ունենալու։ Ըստ էության՝ ունենք իրավիճակ, երբ ապրանքների և ծառայությունների գները բարձրացել են շուրջ 10 տոկոսով, իսկ մարդկանց եկամուտները մնացել են նույն մակարդակի»,- ասաց տնտեսագետը։

Պարսյանի համզմամբ՝ հունվարի 1-ից ջրի սակագնի թանկացումն ազդելու է նաև բիզնեսի վրա։

«Կան բիզնեսներ, որոնք մեծ քանակությամբ ջուր են օգտագործում, օրինակ՝ հյութերի արտադրությունը։ Բնական է, որ ջրի թանկացում ազդելու է նմանօրինակ արտադրանքի գների վրա։

Բացի այդ՝ արտաքին շուկաներում մենք կորցնելու ենք մրցակցային առավելությունները. մեր ապրանքներն ավելի թանկ են դառնալու, և մենք շուկայից դուրս ենք մղվելում։ Սա ուղղակի հարված է լինելու մեր տնտեսությանը»,- ասաց Սուրեն Պարսյանը։