Տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչները, Լիբանանում Պապական նվիրակի ներկայացուցիչը, հայ և օտար հոգևորականներ, սրբազան հայրեր, առաքինազարդ քույրեր, Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Աթաբեկյանը Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայացուցիչը, քույր եկեղեցիների ներկայացուցիչներ, հավատացյալ ու պաշտոնատար այլ անձիք:

Գահակալության արարողությունը հանդիսապետեց Հայ Կաթողիկէ Պատրիարքության կառավարիչ և Բերիոյ թեմի Առաջնորդ` Արհ. Պետրոս Արք. Միրիաթյանը՝ Սինոդոսական Հայրերի հետ միասին։

 Սեպտեմբերի 23-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը:

Նորընտիր Կաթողիկոս Պատրիարքը ստացավ Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյան անունը, ինչպես տեղեկացնում է Սուրբ Աթոռը:

Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը 2011թ. մինչ օրս Առաջնորդն է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Արևելյան Եվրոպայի կաթողիկէ հայոց, հանդիսանում է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության նախագահ: