Հայտնի է` ովքեր են մահացել Քանաքեռի կրակոցներից

ՀՀ ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել այս գիշեր Երևանի Քանաքեռ թաղամասում տեղի ունեցած սպանություններից։ Մասնավորապես պարզվել է մահացածների ինքնությունը։

«Ժամը 2.45-ից սկսած, մայրաքաղաքի տարբեր բժշկական կենտրոններից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգեր են ստացվել, որ հրազենային տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է 6 անձ։ Նրանցից 61-ամյա Արտուշ Սիմոնյանն ու 38-ամյա Արթուր Բորյանը, գիտակցության չգալով, մահացել են»,–ասված է հաղորդագրության մեջ։

Հիվանդանոցներ մեկնած օպերատիվ խմբերը պարզել են, որ տղամարդիկ վնասվածքները ստացել են սպանվածներից Արտուշ Սիմոնյանի՝ Քանաքեռի 16-րդ փողոցի թիվ 16 տանը։ Դեպքի վայր մեկնած ոստիկանության, քննչական կոմիտեի և դատախազության ծառայողները հիշյալ տանը հայտնաբերել են տարբեր տեսակի հրազեններ՝ 4 ատրճանակ, երկու ինքնաձիգ, 4 տասնյակից ավելի պարկուճ, արնանման հետքեր և այլն։

Տան բակում ևս տղամարդկանց դիեր են եղել։ «Պարզվել է նրանց ինքնությունը՝ 43-ամյա Արթուր Ղազարյան ու 37-ամյա Արայիկ Խաչատրյան։ Նրանք ստացել էին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ»,–ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա։

«Հրապարակ» թերթի տեղեկություններով` սպանվածներից Արտուշ Սիմոնյանը (Քանաքեռցի Արտյուշը) ԱԺ նախկին պատգամավոր է։

Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ ու քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։