Լուկաշենկոյի հայտարարության ֆոնին Եվրոպայում գազը թանկացել է մոտ 2%-ով
Եվրոպայում գազի գինն ավելացել է մոտ 2 տոկոսով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությունների ֆոնին, թե հնարավոր է փակվի դեպի Եվրոպա գազի տարանցումը «Յամալ-Եվրոպա» խողովակաշարով՝ ի պատասխան ԵՄ պատժամիջոցների ընդլայնման, վկայում են ICE բորսայի տվյալները։
Նիդեռլանդներում, TTF հաբում դեկտեմբերյան ֆյուչերսի գինն ավելացել է 1,9 տոկոսով՝ 1 հազար խորանարդ մետրը մինչև 847 դոլար կամ ՄՎտ/ժամը՝ 71,4 եվրո (ելնելով դոլարի հանդեպ եվրոյի ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ում գները ներկայացված են ՄՎՏ/ժամը եվրոյով), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Ավելի ուշ գազի գինը սկսել է ավելի արագ թանկանալ՝ 1 հազար խորանարդ մետրը մինչև 860 դոլար, բայց ներկա պահին վառելիքի արժեքը վերադարձել է 840 դոլար նիշին։
Բելառուսի նախագահը Եվրամիությանը սպառնացել էր պատժամիջոցների ընդլայնման դեպքում փակել գազի տարանցումը դեպի Եվրոպա «Յամալ-Եվրոպա» գազատարով։
Ներկայում ԵՄ-ում քննարկում են պատժամիջոցների հինգերորդ փաթեթի ընդունման հնարավորությունը Բելառուսի հանդեպ։
«Յամալ-Եվրոպա» տրանսազգային գազատարն անցնում է չորս երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Լեհաստանի և Գերմանիայի տարածքներով։ Նրա նախագծային տարեկան հզորությունը կազմում է 32,9 մլրդ խորանարդ մետր գազ, տեղեկացնում է News.am-ը։