Հայկ Մամիջանյան. «ՔՊ»-ը Հայաստանում իրականացնում է Բաքվի քաղաքականությունը

«Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցությունը այն ուժն է, որը Հայաստանում իրականացնում է Բաքվի քաղաքականությունը։ Այս մասին ԱԺ-ում նոյեմբերի 11-ին խորհրդարանական ընդդիմության մասնակցությամբ արտահերթ քննարկման ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ պարզաբանելով իշխող մեծամասնության ներկայացուցիչների բացակայության պատճառը։

Պատգամավորի խոսքով՝ նրանք այժմ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզչությամբ են զբաղվում։

Մամիջանյանը կոչ արեց այն համայնքներում բնակվող քաղաքացիներին, որտեղ այժմ նախընտրական մրցավազք է ընթանում, մոտենալ «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին և հարցնել, թե ինչու է ընտրություններում իրենց թեկնածուի առաջխաղացումը ավելի կարևոր, քան ԱԺ-ում հրատապ քննարկումները։

Ընդդիմադիրը վստահ է, որ ներկայիս իրավիճակը Ադրբեջանի հետ պայմանավորվածությունների հետևանք է։

«Առաջին անգամը չէ, որ կապիտուլյանտ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվում է թշնամի պետության հետ։ 2018 թվականին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խնդրելով նրան ավելորդ լարվածություն չստեղծել սահմանին, որպեսզի ինքը կարողանա հողին հավասարեցնել Հայաստանի ազգային-հայրենասիրական ուժերին»,- վստահեցրեց խորհրդարանականը, տեղեկացնում է News.am։