Ռուս խաղաղապահները Ղարաբաղում մեկ տարում ապահովել են ավելի քան 8 հազ. ավտոմեքենայի անվտանգ ուղեկցումը
Ռուսաստանի Դաշնության ռազմական ոստիկանության ստորաբաժանումները խաղաղապահ գործունեության մեկ տարում ապահովել են ավելի քան 8 հազար ավտոմեքենաների (մոտ 200 շարասյուն) անվտանգ ուղեկցումը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Շինանյութերով և մթերքով բեռնված մեծ բեռնատար ավտոմեքենաների ուղեկցումը իրականացվում է Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով և հակառակը։
Տեղաշարժն իրականացվում է բարձրլեռնային տեղանքի դժվարանցանելի հատվածներ ունեցող գրունտային ճանապարհով՝ ավելի քան 40 բեռնատար ավտոմեքենաներով։
5 դիտակետերի պատասխանատվության գոտում ռուս խաղաղապահները ապահովում են ավտոմեքենաների անվտանգ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Ռազմական ոստիկանության ավելի քան վեց հարյուր հոգանոց անձնակազմը Լեռնային Ղարաբաղում իր գործունեության առաջին տարում ներգրավված է անվտանգության ապահովման գործում՝ ավելի քան ութ հազար ավտոմեքենաներն ուղեկցելիս, որոնք տեղափոխում են շինանյութ։ Երթուղիները անցնում են լեռնային պայմաններում, բարդ ճանապարհներով»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Լևիկինը։
Բացի քաղաքացիական տրանսպորտի և մարդասիրական բեռների ուղեկցման խնդիրների կատարումից՝ ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կանոնավորապես ներգրավվում են հումանիտար գործողությունների անվտանգության ապահովմանը և Լաչինի միջանցքի պարեկմանը։
Ամեն օր ռուսական խաղաղապահ զորակազմի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները երթուղիների պարեկման ժամանակ հաղթահարում են մոտ 200 կիլոմետր։
Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապեության նախագահների և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարությունում նշված պայմանավորվածությունների համաձայն՝ 2020թ. նոյեմբերի 10-ին, Մքոսկվայի ժամանակով 00.00 ժամից հայտարարվել է լիակատար հրադադար և ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում։
Լեռնային Ղարաբաղում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերահսկման համար տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։