ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել ՀՀ-ին ու Ադրբեջանին թուլացնել լարվածությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերը, ՌԴ-ից Իգոր Խովաևը և Ֆրանսիայից Բրիս Ռոքֆեյը հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին «կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի անհապաղ դեէսկալացիայի համար»։
Հայտարարությունում նշվում է, որ համանախագահները խորը մտահոգությամբ են դիտարկում տարածաշրջանում տեղի ունեցած վերջին միջադեպերը, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:
«Համանախագահները նաև կոչ են անում կողմերին ձեռնպահ մնալ լարվածությունը սրող հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների շրջանակում», - նշված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ վերջերս արտահայտվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը։
Համանախագահները կողմերին կոչ են անում հիմնվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա՝ շարունակելով անմիջական երկխոսությունը, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։