Ի՞նչ հիմքով են ինչ-որ տարածքներ համարում ադրբեջանական. Թաթոյանը` ՀՀ պաշտոնյաներին
Խիստ վտանգավոր են դարձել ՀՀ այն պաշտոնյաների հայտարարությունները, որոնք արդարացնում են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական անցակետերը, իսկ տեղակայումները հիմնավորում են՝ ասելով, թե դրանք այն տարածքներում են, որոնք Ադրբեջանի Հանրապետություն են:
Նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Երեկ ինչպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, այնպես էլ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտնել էին, որ Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանցիները մաքսակետ են դնում այն հատվածում, որը, ըստ Խորհրդային Միության քարտեզների, Ադրբեջանի տարածքն է։
«Անընդհատ հղումներ են արվում ինչ որ այլընտրանքային ճանապարհների ու ԽՍՀՄ չկոնկրետացված ինչ-որ քարտեզների: Դուք հասկանու՞մ եք, որ ձեր այդ հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումները, որտեղից էլ նրանք անօրինականություններ են կատարում, հանցանքներ են գործում ՀՀ բնակչության նկատմամբ»,–ասված է Թաթոյանի հայտարարության մեջ։
ՄԻ պաշտպանը նկատում է, որ խոստացված այլընտրանքային ճանապարհները չեն վերացնում ՀՀ բնակչության ավտանգության սպառնալիքներն ու սահմանադրական իրավունքների խախտումները, չեն կարող լինել լիարժեք լուծումներ:
Թաթոյանը նշում է` եթե երկու երկրների միջև տեղի չի ունեցել դելիմիտացիա կամ դեմարկացիա, ի՞նչ հիմքով են ինչ-որ տարածքներ համարում ադրբեջանական կամ ոչ ադրբեջանական:
«Պետք է բացառվեն տարբեր պաշտոնյաների հակասական ու մարդու իրավունքները վտանգող հայտարարությունները, որոնք խորացնում են անորոշությունը հասարակությունում: Իրականում պետության ռազմավարությունը պետք է սահմանային անվտանգության հարցերում հաշվի առնի մարդու իրավունքների հետ կապը, ինչպես նաև այն, որ պետությունն ունի իր քաղաքացիների իրավունքների պաշտանության պոզիտիվ պարտավորություն»,–իր խոսքն ամփոփել է Թաթոյանը։
Նշենք, որ Գորիս-Կապան հիմնական ճանապարհին ադրբեջանցիները սեպտեմբերի 9-ին ոստիկանական հենակետ, իսկ նոյեմբերի 10-ին՝ մաքսակետ են տեղադրել։ Երթևեկությունն իրականացվում է այլընտրանքային ճանապարհով։
Նոյեմբերի 15-ի կեսգիշերին ադրբեջանական մաքսակետ է տեղադրվել նաև Ճակատեն-Կապան ավտոճանապարհին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։