ՁԳՁԳՎԱԾ ՍԻՐԱԽԱՂ

ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակին, սակայն հայկական կողմից պաշտոնական դիմում դեռևս չի ստացվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են քարտուղարությունից: Կազմակերպությունում նշում են, որ սահմանային հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ: Ինչ-որ շատ է հիշեցնում անցած տարվա պատերազմական օրերի իրավիճակը. հայ հասարակության մեջ դժգոհություններ էին հասունանում ՀԱՊԿ-ի նկատմամբ՝ կազմակերպության անգործության առնչությամբ, հայկական իշխանություններն այդուհանդերձ պաշտոնապես չէին դիմում նրան օգնության համար, իսկ ինքը՝ ՀԱՊԿ-ը «ուշադիր հետևում էր» իրադարձությունների զարգացմանը: Արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց 2020-ի նոյեմբերի 9-ին. հավաքական անվտանգության համակարգը չգործեց, իսկ այդ ռազմաքաղաքական դաշինքի հեղինակությունն ընկավ պլինթուսից էլ ցածր։

Հիմա, ըստ էության, կրկնվում է գրեթե նույնը, բայց սկզբունքայնորեն կարևոր մի տարբերությամբ։ Հոկտեմբերի 20-ին, ռազմական գործողությունների թեժ շրջանում, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ից օգնություն խնդրելու համար ագրեսիան պետք է իրականացվի բուն Հայաստանի դեմ: Նա նշեց, որ բնակավայրերի առանձին գնդակոծությունները չի կարելի գնահատել որպես ագրեսիա ՀՀ-ի նկատմամբ։ «Դա դեռ որպես ագրեսիա գնահատելը վաղ է: Եթե եղավ հարձակում ՀՀ-ի վրա՝ այո: Նախ, առաջինը մենք պետք է դիմենք ՄԱԿ-ին և ֆիքսենք, որ մեր դեմ ագրեսիա է իրականացվել, և համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, ինքնապաշտպանվել ենք: Բացի այդ, դիմում ենք նաև ՀԱՊԿ-ին, որի դեպքում արդեն ՄԱԿ-ը պետք է իրազեկվի կոլեկտիվ ինքնապաշտպանության մասին: Հիմա դրա մասին խոսելը դեռևս վաղ է: Մի բան էլ ասեմ: Եթե դու ունես փամփուշտ, որը կարող է կրակել, պետք է այն օգտագործել այն ժամանակ, երբ այն դատարկ չէ», - ընդգծեց Քոչարյանը։

«Ոչ դատարկ» փամփուշտներով Երևանն այն ժամանակ այդպես էլ չկրակեց, և այսօր էլ մտադիր չէ, թեև ՀԱՊԿ-ին դիմելու գլխավոր պայմանն ակնհայտ է. ագրեսիան իրականացվում է ինքնիշխան Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Էլ ե՞րբ է պատեհ այդ դիմումը, եթե ոչ հիմա։

Համանման պատկեր է ստեղծվել նաև իր ռազմաքաղաքական հիմնական դաշնակցի հետ Հայաստանի փոխհարաբերությունների առումով։ Բազմաթիվ դժգոհություններ կան Մոսկվայի կողմից համապատասխան օգնության չցուցաբերման առնչությամբ, բայց պաշտոնական դիմում չկա։ ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Հայաստանը դեռևս պաշտոնապես օգնություն չի խնդրել Ռուսաստանից՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի ահագնացման հետ:

Կարելի է չկասկածել, որ ո՛չ ՀԱՊԿ-ին, ո՛չ էլ Մոսկվային Երևանը չի դիմի։ Քանի որ հայկական գործող իշխանության գլխավոր խնդիրը և՛ ՀԱՊԿ-ին, և՛ Ռուսաստանին վարկաբեկելն է որպես դաշնակիցներ։ Այո, մեղմ ասած, կասկածներ կան այն առնչությամբ, թե նույն ՀԱՊԿ-ը, նկատի առնելով դրա անդամների կազմը, պատրաստակամությամբ օգնություն կցուցաբերի Հայաստանին։ Բայց դա դեռ չի նշանակում, թե Երևանը չպետք է համապատասխան քայլեր ձեռնարկի՝ փորձելով ստիպել կազմակերպությանը դուրս գալ հարմարավետության գոտուց և հիշել իր պատասխանատվության գոտու մասին։

Ասվածը հավասարապես վերաբերում է նաև Մոսկվային դիմելուն։ Պարզ է, որ ռուսական կողմն ամեն ինչ անում է հակամարտությանը սեփական անմիջական ռազմական մասնակցությունից խուսափելու համար։ Պարզ է, որ նրան փորձում են ներքաշել այդ ձևաչափի մեջ։ Բայց մյուս կողմից՝ ներքաշվել կամ չներքաշվելը հենց Մոսկվայի ընտրության հարցն է, Երևանից պահանջվում է միայն պաշտոնապես օգնություն խնդրել, ինչը չի արվում։

Պետք է խոստովանել, որ այսօր ստեղծված իրավիճակում ռուսական կողմն այնուամենայնիվ կարողացավ հասնել նրան, որ վերացնի ռազմական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը դաշնակիցին՝ ի դեմս Հայաստանի։ Մոսկվայի միջնորդական ջանքերի շնորհիվ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ահագնացումը կարծես թե կասեցված է։ Սակայն ակնհայտ է, որ սկզբունքորեն խնդիրը հեռու է լուծումից։ Ամեն րոպե իրավիճակը կարող է կրկին «պայթել»։ Ավելին, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման փաստը այսպես թե այնպես պարտավորեցնում է Մոսկվային չմոռանալ իր դաշնակցային պարտավորությունների մասին։ Վաղ թե ուշ Կրեմլը ստիպված է լինելու «ներքաշվել», հնարավոր է նույնիսկ՝ Երևանի կողմից պաշտոնական դիմումի բացակայությամբ հանդերձ։

Մոսկվայի սիրախաղը Բաքվի հետ ակնհայտորեն ձգձգվել է, ինչպեսև նրա սիրախաղը Հայաստանի գործող իշխանության հետ։ Եվ որքան ավելի է այն ձգվում, այնքան ավելի իրատեսական է թվում տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղման հեռանկարը…