ԲՈԼՈՐԸ ՀԱՄԱԽՄԲՎԵ՛Ն ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ՇՈՒՐՋ

Իրավիճակը Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանագոտում, որտեղ նախօրեին հայկական դիրքերը ենթարկվել են Ադրբեջանի զինված ուժերի հարձակմանը, համեմատաբար կայուն է, հրադադարի մասին համաձայնությունն ընդհանուր առմամբ պահպանվում է, հաղորդում է ՊՆ-ն: Բաքվից հայտնում են, որ իրենք 7 զոհ ունեն, մեր պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե Ադրբեջանի կորուստները կազմում են մինչև 70 մարդ, իսկ այ մենք առայժմ ունենք հաստատված մեկ զոհ։ Ամենայն հավանականությամբ՝ Արծրունը կրկին նստել է թամբին...

Մի՞թե ոմանց թվում է, թե այսքանով ամեն ինչ ավարտվեց։ Դե, կային, չէ՞, մարդիկ, որոնք համարում էին, թե կհանձնենք Արցախն ու հանգիստ կապրենք։ Ինչպես որ կային այնպիսիք, ովքեր ուրախանում էին. մեր երեխաները չե՛ն ծառայելու Արցախում։ Եվ նրանք, ովքեր համոզում էին, թե իբր, եթե վերադառնանք Հայկական ԽՍՀ սահմաններին՝ դրանց ադրբեջանական մեկնաբանությամբ, ապա դա ուղիղ ճանապարհ կբացի դեպի խաղաղ կյանք ու բարգավաճում։ Եվ նրանք, ովքեր կարծում էին, որ եթե «բարի կամք» ցուցաբերենք և թույլ տանք Բաքվին վերահսկել մեր ճանապարհները, ապա դրանով ամեն ինչ կավարտվի…

Այնպես որ, ամենայն հավանականությամբ, հիմա էլ կան մարդիկ, որոնք հույս ունեն, թե ամեն ինչ ավարտվել է մեկ-երկու դիրքերի հանձնմամբ, տասնյակ կյանքերի կորստով…

Ցանկություն է առաջանում հարցնել նրանց, ովքեր հունիսի 20-ին քվեարկել են Նիկոլի օգտին։ Գո՞հ եք։ Նիկոլի հետ ապագա կա՞։ Ե՞րբ է վերջապես ձեր ուղեղին հասնելու, որ Նիկոլն ու պետականությունը երկու անհամատեղելի բաներ են, որ Փաշինյանը հակացուցված է Հայաստան պետությանը։ Ընտրությունը պարզ է. կա՛մ նա, կա՛մ երկիրը։ Ընտրելով Նիկոլին՝ լավ իմացեք, որ այն իրավիճակում, ինչ եղավ երեկ, մենք այսուհետ ապրելու ենք մշտական ռեժիմով։

Լիովին օգտվելով Նիկոլի կողմից իրեն շնորհված առավելություններից՝ Ալիևը սպասելու է նոր հնարավորության, որ կրկին հարվածի է՛լ ավելի թուլացած հայոց պետականությանը, է՛լ ավելի թուլացած բանակին, է՛լ ավելի խարխլված դիրքերին։ Եվ այդպես, քայլ առ քայլ, դիրքից դիրք առաջ է շարժվելու, ընդ որում գոհ ժպիտով մեղադրելով Հայաստանին դեպի Նախիջևան միջանցք չտրամադրելու, «սադրանքների», խաղաղության պայմանագիր չստորագրելու և Արցախը Ադրբեջանի մաս չճանաչելու մեջ։ Հավանաբար, վերստին կգտնվեն Հայաստանում մարդիկ, որոնք կասեն. «Եկեք տրամադրենք նրանց այդ միջանցքն ու հանգիստ ապրենք»:

Ամեն նոր սադրանքը կբերի նոր կորուստներ. մարդկային և դիրքային, Երևանը բանավոր կդիմի Ռուսաստանին ու ՀԱՊԿ-ին, նրանք կսկսեն ջանքեր գործադրել ահագնացումը կասեցնելու համար, և մենք կստանանք հերթական կարճ դադարը։ Իսկ իշխող կուսակցության ներկայացուցիչները կճղավեն, որ եթե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը չհարձակվեն Ադրբեջանի վրա, ապա մենք կդիմենք այլ դաշնակիցների, որոնք... Որոնք մեծ հաշվով թքած ունեն մեր վրա։

Ընդամենը մի քանի օր առաջ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Էդուարդ Աղաջանյանը պնդում էր, թե Ադրբեջանը մեկուսացման մեջ է, շուտով նա կզգա դա, դուրս կբերի իր զորքերը Հայաստանի տարածքից, կվերադարձնի բոլոր գերիներին։

Դուք զգացե՞լ եք այդ մեկուսացումը։ Որևէ մեկը պաշտոնական մակարդակով դատապարտե՞լ է Բաքվին ագրեսիայի համար, չնայած հայկական իշխանությունների տարատեսակ կոչերին։ Ոչ, մենք կրկին լսեցինք ապասրեցման և կրակի դադարեցման վերաբերյալ երկու կողմերին ուղղված ավանդական տաղտկալի հորդորները:

Այս իրավիճակում առանձնակի զվարճալի է լսել իշխող թիմի շուրջ համախմբվելու կոչերը։ Համախմբվելու Նիկոլ Փաշինյանի, Վիգեն Խաչատրյանի, Ալեն Սիմոնյանի, Հովիկ Աղազարյանի, Արմեն Գրիգորյանի, «շիշ բռնողի» և Լուլուի շուրջ, նրանց, ովքեր վարի են տալիս երկիրը. համաձայնեք, հիրավի հրաշալի միտք է. ..

Основная тема:
Теги: