«Անպարտելի զորավարը պետք է արդարացվի»․ Մանվել Գրիգորյանի դատական գործը շարունակվում է

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ-մայոր Մանվել Գրիգորյանի գործով դատական գործը շարունակվում է քննվել, քանի որ պաշտպանական կողմը պնդում է, որ քրեական հետապնդումը չպետք է դադարեցվի մահվան հիմքով։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց պաշտպան Արսեն Մկրտչյանը։

«Իրավակիրառ պրակտիկան ունի նման օրինակներ, օրենքը նախատեսում է այս հնարավորությունը։ Պետք է կայացվի արդարացման դատական ակտ։ Բոլոր տարաբնույթ քրեադատավարական գործողությունները, որոնք օրենքով նախատեսված չեն, սակայն Մանվել Գրիգորյանի գործով տեղի են ունեցել, ֆորմալ առումով շարունակվում են։ Մենք ուզում ենք, որ պատմության մեջ լինի այնպիսի դատական ակտ, որը հարիր կլինի մեր ժողովրդին։ Ամենահեշտ բանը կլիներ, եթե գործը կարճվեր, քրեական հետապնդումը դադարեցվեր, քանի որ անձը մահացել է, բայց մեզ է պետք է, որ գլխավոր զրպատողը, որն ունի Հայաստանը հանձնելու նպատակ հասկանա, որ իր սուտը չմնաց պատմության մեջ»,- նշեց նա։

Հարցին, թե ինչ փոխհատուցում է ենթադրվում, եթե Մանվել Գրիգորյանն արդարացվի, փաստաբան Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի իրավահաջորդներին որևէ փոխհատուցում պետք չէ։

«Պետք է որ մեր սերունդները իմանան, որ եղել են հերոսներ և թուրքեր, որոնք Մանվել Գրիգորյանի մասին սուտ են տարածել։ Անպարտելի զորավարը պետք է արդարացվի։ Այն իրավաբանը, դատախազը, որը դատարանում ասում է, որ անպարտելի զորավար Մանվել Գրիգորյանը երբևիցե զինվորի հաց է գողացել, թուրք է»,- ընդգծեց Արսեն Մկրտչյանը։

Հիշեցնենք, որ 2018 թվականի հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր, ապա կալանավորվել հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու և պահելու մեղադրանքով: Նրան առաջադրվեցին նաև ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներ:

Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա երկար ժամանակ է առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին հենց այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Նա որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացրեց ծայրահեղ ծանր վիճակում: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30 կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով: