Բրյուսելում կայանալիք հանդիպումների օրակարգն են քննարկել Փաշինյանն ու Տոյվո Կլաարը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետն արդյունավետ է գնահատել ՀՀ-ԵՄ համագործակցությունը և երկկողմ գործընկերության զարգացման համատեքստում կարևորել առաջիկայում Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողովի անցկացումը:

ԵՄ հատուկ ներկայացուցիչը վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու Հայաստան-ԵՄ կապերի ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Նիկոլ Փաշինյանը և Տոյվո Կլաարը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: Քննարկվել են այս տարվա դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի օրակարգին վերաբերող հարցեր:

Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել են հանդիպել։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախանշված ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովին։