Թուրքիան արդեն գնահատում է «Նախիջևանի միջանցքի» բացման դեպքում տնտեսական օգուտները։

«Նախիջևանի միջով տրանսպորտային միջանցքի բացումը կթեթևացնի բեռնափոխադրումները Թուրքիայից ոչ միայն Ադրբեջան, այլև Կովկասի տարածաշրջանի այլ երկրներ և հետագայում՝ Կենտրոնական Ասիա»։ Այս մասին Anadolu-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի անկախ արդյունաբերողների և ձեռնարկատերերի ասոցիացիայի (MÜSİAD) ներկայացուցչության ղեկավար Մեհմեդ Հիլմի Քագնըջին։

Նա վստահություն է հայտնել, որ «Նախիջևանով դեպի Ադրբեջանի արևմտյան շրջաններ տրանսպորտային նոր երթուղու բացումը կհանգեցնի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության կտրուկ աճի»։

«Հույս ունենք, որ Նախիջևանի միջանցքը կսկսի գործել որքան հնարավոր է շուտ։ Առևտրաշրջանառության աճի հիմնական խոչընդոտը ուղիղ տրանսպորտային հաղորդակցության բացակայությունն է։ Նախիջևանի միջանցքի բացումը կթեթևացնի տարածաշրջանում բեռնահոսքը։ Այս միջանցքը առևտուրը կդարձնի ավելի հարմարավետ և շահավետ»,-ասել է նա, տեղեկացնում է News.am։