ԿԵՂԾԻՔԻ ՇՔԵՐԹ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ ԳՆՈՎ

Բաքվի և Անկարայի կողմից Հայաստանին ուղղված նոր սպառնալիքները միս ու արյուն են ստանում՝ միջազգային հանրության ավանդական լռության պայմաններում։ Որքան էլ թշնամական թեզերն սպասարկող հայաստանյան վարչակազմի ղեկավարները խորհրդարանական ամբիոնից պնդեն, թե օրակարգում Ադրբեջանի հետ փոխըմբռնման հիման վրա պայմանավորվածությունների իրականացումն է, ակնհայտ է, որ ընթացիկ ռազմաքաղաքական իրավիճակը գերլարված է, և Բրյուսելում Փաշինյանի հետ հաղորդակցությունների բացման և սահմանազատման հարցերով չպայմանավորվելու դեպքում մեր սահմաններին կարող են տեղային, ընդհուպ՝ միաժամանակյա սադրանքներ հրահրվել։

Այս իրավիճակում փոխանակ հանրությանը և Զինված ուժերին մշտական պատրաստականության մասին ուղերձներ հղելու, ազգային համախմբման կոչեր անելու, ազգային շահի շուրջ բոլոր ուժերին համախմբելու՝ Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ ԱԺ ընդդիմության վրա հոխորտալով, երբեմն էլ՝ հիվանդագին հիստերիաներով, փորձում է իրեն մաքրագործել պատասխանատվությունից։ Ընդ որում՝ դա ամեն անգամ արվում է բանակցային գործընթացի էության և տրամաբանության խեղաթյուրմամբ՝ վնաս հասցնելով նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին։

Փաշինյանական վարչախումբն, իհարկե, ՌԴ ԱԳՆ՝ օրեր առաջ տարածված կտրուկ հակադարձմանն անդրադառնալու խիզախություն չունի, բայց հասցրել է անառողջ հակառուսական կրքեր բորբոքել իր կիսագրագետ խորհրդարանականների շուրթերով։ Կարծես թե Հայաստանը վճարում է ԱԺ ամբիոնից հնչած տխմարաբանությունների այդ շարքի գինը, երբ ասվում էր՝ «Մոսկվան պիտի կողմնորոշվի՝ մնո՞ւմ է Հայաստանի դաշնակից, թե՞ հեռանում է տարածաշրջանից», «Մենք պիտի պատշաճ հետևություններ անենք և միգուցե նոր դաշնակից փնտրենք» և այլն։

Հետևությունները պիտի շատ ավելի վաղ արվեին, երբ, օրինակ, պատերազմից մեկ ամիս առաջ ՀԱՊԿ-ը պաշտոնական գրությամբ մեր Անվտանգության խորհրդին հնարավոր պատերազմի սցենարն էր ներկայացնում, իսկ մենք անտեսում էինք։ Թե՞ այս մանկամիտներին թվում էր, որ եթե տասնամյակներ առաջ հայ-ռուսական երկկողմ պայմանագիր է կնքվել, ուրեմն առանց դաշնակցի հետ ամենօրյա աշխատանքի՝ պետք է սպասել դրա կատարմանը, ավելին՝ չմտնել մարտի մեջ, մինչև դաշնակիցն օգնության չհասնի։

Նիկոլ Փաշինյանի համար այլևս արցախյան կարգավորում չկա, դա երևաց վերջին խորհրդարանական հարցուպատասխանին։ Ո՛չ եռանախագահության ձևաչափ, ո՛չ մադրիդյան սկզբունքներ, ո՛չ կարգավիճակի հարց, ո՛չ էլ անգամ կոնֆլիկտի անմիջական մասնակիցների ձևաչափի փոփոխման հարցով մտահոգություն։ Երկիրը պատրաստվում է «3+3» կասկածելի ձևաչափով առաջիկա հանդիպմանը՝ անտեսելով այն, որ Արցախի հարցի խաղաղ կարգավորում գոյություն չունի, նույնիսկ նոյեմբերի 9-ի հայտարարության կետերը չեն իրականացվում, իսկ Թուրքիան ավելի ու ավելի հանդուգն է ներխուժում մեր տարածաշրջան։

Այս ֆոնին՝ խնդրահարույց է հատկապես հետպատերազմյան մեկ տարում սահմանագծի ամբողջ երկայնքով կանխարգելիչ միջոցների ներդրման իսպառ բացակայությունը, իսկ դրանց շուրջ խոսույթում՝ ազգային շահերի բացարձակ անտեսումը, օրինակ՝ մեր սահմանապահ բնակավայրերը թյուրքական անուններով կոչելը։

Այս նոր իրավիճակում ցանկացած արժանապատիվ իշխանություն նախևառաջ սեփական արտաքին քաղաքական պլատֆորմը կձևավորեր, առնվազն կփորձեր պահել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունակությունը՝ միջնորդների հետ խաղաղության մասին խոսելու համար, և ոչ թե լրացուցիչ անհասկանալի ձևաչափերում կներգրավվեր։ Ստացվում է՝ և՛ առաջնագծում, և՛ դիվանագիտական ճակատում մեր գոյաբանական հարցը շարունակում է մանրադրամի դեր խաղալ, բայց ո՛չ բանակը, ո՛չ էլ դիվանագիտական կորպուսը համաքայլ չեն գնում մեր անվտանգային մարտահրավերների հետ։