Ադրբեջանցիները հարձակում են գործել Սոթքի հատվածում. Հակոբ Ավետյանը մանրամասներ հայտնեց

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել Սոթքի հատվածում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը` մանրամասներ հայտնելով այսօրվա դեպքից։

Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ այսօր` ժամը 12։00-ի սահմանում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։

«Սոթքի սահմանային հատվածում են կրակոցներ հնչում, և մինչ այս պահը շարունակվում է փոխհրաձգությունը։ Սակայն մեր տղաներին հաջողվում է հետ շպրտել թշնամուն»,–ասաց Ավետյանը։

Նրա խոսքով` ամեն օր թշնամին փորձում է ինչ–որ հատվածում առաջ գալ, սակայն, ի պատիվ մեր զինվորների, Ադրբեջանի ԶՈւ–ին չի հաջողվում իր նպատակին հասնել։

Հարցին, թե կրակոցների հետևանքով հայկական կողմը որևէ կորուստ կրե՞լ է` Ավետյանը պատասխանեց, որ այդ հարցը դեռ ճշտվում է։