Դատարանն ազատ արձակեց Արմեն Չարչյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հրատապ նիստի ժամանակ որոշեց ազատ արձակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Դատարանի որոշմամբ` խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին։

«Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Ամբաստանյալ Արմեն Չարչյանին ազատ արձակել կալանքից։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում` ստանալուց հետո 10-օրյա ժամկետում»,–ասաց դատավոր Վահե Միսակյանը։

Դահլիճում ներկա Չարչյանի գործընկերները, ինչպես նաև պատգամավորները ծափահարություններով ընդունեցին դատավորի որոշումը։

Նախօրեին Սահմանադրական դատարանը որոշել էր, որ պատգամավորը պետք է անհապաղ ազատ արձակվի։ Դատարանն արձանագրել էր, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավոր դառնալու պահից չի կարող պահվել անազատության մեջ։

Պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիա: