Մինսկը կփակի դեպի Եվրոպա գազի տարանցումը, եթե պատժամիջոցների դեմ այլ միջոց չլինի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ պետությունը կարող է փակել դեպի Եվրոպա գազի տարանցիկ ճանապարհը, եթե Արևմուտքի պատժամիջոցները Մինսկը դնեն արտակարգ դրության մեջ և ոչ մի այլ ելք չլինի դրան պատասխանելու համար։

«Եթե պատժամիջոցները, որոնք նրանք սահմանում են, հաստատեն ու մեզ դնեն այնպիսի նվիճակի մեջ, որ մենք ոչ մի ելք չունենանք այլ միջոցներով պատասխանելու` կօգտվենք նաև այդ կոշտ միջոցից»,- ասել է Լուկաշենկոն թուրքական TRT հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում՝ մեկնաբանելով գազի տարանցումը փակելու հնարավորությունը:

Ավելի վաղ «Ռոսիա սեգոդնյայի» գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ եթե Լեհաստանը փակի Բելառուսի հետ սահմանը, ի պատասխան կդադարեցվի էներգակիրների տարանցումը և Վարշավայում ստիպված կլինեն մտածել` ինչպես դրանք գնել Ռուսաստանից:

Սա առաջին հայտարարությունը չէ տվյալ թեմայի վերաբերյալ։ Առաջին անգամ տարանցման հնարավոր կասեցման մասին Լուկաշենկոն հայտարարել էր նոյեմբերի 11-ին։

Այն ժամանակ նա Եվրամիության իշխանություններին խորհուրդ էր տվել միգրանտների պատճառով Բելառուսի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը սահմանելուց առաջ մտածել գազի և բեռների տարանցման մասին, որն անցնում է բելառուսական տարածքով, մասնավորապես «Յամալ–Եվրոպա» խողովակաշարով գազի տարանցման մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա: