Պուտինն ու Մակրոնը քննարկել են ղարաբաղյան թեման և Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել են հեռախոսով։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի ընթացքում նախագահները հանգամանորեն քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։
Պուտինը տեղեկացրել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին: Նա պատմել է, թե ինչպես է տարածաշրջանում իրականացվում հրադադարի ռեժիմի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման միջոցառումների իրականացումը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի` դեկտեմբերի 15-ին Եվրամիության կառույցների ղեկավարների հետ կայանալիք հանդիպումը նույնպես օգտակար կլինի, նրանք խոսել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) աշխատանքի ակտիվացման նպատակահարմարության մասին, տեղեկացնում է Sputnik Արմենիա-ն։