Մարիա Զախարովան՝ Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի երկխոսության մասին

Նուրսուլթան Նազարաբաևի՝ որպես եվրասիական ինտեգրացիայի գաղափարախոսի նախաձեռնությունն արժանի է ուշադրության։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանին ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ շնորհելու Ղազախստանի նախկին նախագահի առաջարկը։

«ԵԱՏՄ-ն բաց է այն պետությունների համար, որոնք կիսում են նրա սկզբունքները, նպատակները և շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ և համագործակցությամբ։ Առաջին հերթին նկատի ունենք ԱՊՀ երկրներին, որոնք ավելի սերտ համագործակցություն են պահպանում ԵԱՏՄ անդամ-պետությունների հետ։ ԵԱՏՄ-ն զարգանում է արագ տեմպերով՝ անընդհատ կատարելագործում է տնտեսական փոխգործակցության գործիքները՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը։ և, իհարկե, ակտիվորեն արդիականացնում է տրանսպորտային ենթակառուցվածքը... Հետևաբար, Ադրբեջանի և ԵԱՏՄ-ի միջև երկխոսության զարգացումը՝ ցանկացած ձևաչափով, կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը, խոշոր ենթակառուցվածքային տարածաշրջանային նախագծերի իրականացմանը, և ոչ միայն տարածաշրջանային... Դրա հետ մեկտեղ կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխգործակցության մակարդակի բարձրացման մասին որոշումը կայացվում է ԵԱՏՄ բոլոր անդամ-պետությունների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համակողմանի փորձագիտական ուսումնասիրության արդյունքների հիման վրա»,- նշել է նա, տեղեկացնում է News.am։