ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանին հրավիրել են ԱԱԾ
Դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու, հաղորդում է Armlur.am-ը:
ԱԱԾ-ն բացատրություն է վերցրել նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանից, ինչպես նաև այլ պատգամավորներից:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը ևս հրավիրվել էր ԱԱԾ՝ բացատրություն տալու: Նա հրաժարվել է որևէ բացատրություն տալ:
ԱԱԾ-ում բացատրություն են տվել նաև Իշխան Սաղաթելյանի օգնական Սևակ Նազարյանը և Արմենուհի Կյուրեղյանի օգնական Տարոն Նազարյանը:
Ավելի վաղ News.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում հայհոյախառը ծեծկռտուք էր տեղի ունեցել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողներին պատմել էր, որ ինքը միջանցքով անցնելիս ձայներ է լսել և մոտենալով տեսել է, որ իշխող խմբակցության պատգամավորները փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում մի քանի հոգով ծեծի են ենթարկել ընդդիմադիր պատգամավորների երեք օգնականներին։ Ռուբեն Ռուբինյանն ավելի ուշ ասել էր, որ իր աշխատասենյակում չի եղել ծեծկռտուքը։ Սաղաթելյանի օգնականը ծեծողների թվում ճանաչել էր Վահագն Ալեքսանյանին, Հրաչյա Հակոբյանին, տեսել նաև Սիսակ Գաբրիելյանին։ Նա պնդում էր, որ անվտանգության աշխատակիցները ներկա են եղել, սակայն որևէ կերպ չեն միջամտել, իսկ ծեծի են ենթարկվել Արմենուհի Կյուրեղյանի, Թադևոս Ավետիսյանի և Իշխան Սաղաթելյանի օգնականները, այդ թվում՝ Գերասիմ Վարդանյանը։
Հրաչյա Հակոբյանն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ երբ ինքը եկել է, ծեծկռտուքն արդեն սկսված է եղել, և որ Գերասիմ Վարդնանյանն Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի քրեական գործով է անցնում։ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանն օրեր առաջ News.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ իր և իր քաղաքական ուժի դեմ քաղաքական հետապնդում է իրականացվում, և որ ինքը հրավիրվել է ԱԱԾ միջադեպի գործով, բայց բացատրություն չի տվել։ Անդրադառնալով Հակոբյանի այն հայտարարությանը, որ ինքը Արարատ Միրզոյանի դեմ մահափորձի գործով է անցնում, Վարդանյանը նկատել էր՝ ինքը դրա հետ որևէ առնչություն չունի, որպես մեղադրյալ չի ներգրավվել այդ գործով, և որ իրենից փորձում են «հանցագործի կերպար կերտել»։