Բաքուն հայտնել է, որ Հայաստանին է հանձնել գերեվարված 10 զինծառայողների

Ադրբեջանը հայտնում է, որ Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների։ Նրանք գերի էին ընկել նոյեմբերի 16-ին։

Այս մասին տեղեկացնում է Sputnik Ադրբեջանը՝ հղում անելով Ադրբեջանի Գերիների, անհետ կորածների ու պատանդների պետական հանձնաժողովին։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հաջորդ օրը կրկին Բրյուսելում հանդիպել էին Նիկոլ Փաշինյանը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Իլհամ Ալիևը։

Հավելենք՝ դեկտեմբերի 4-ին Հայաստան էին վերադարձել նոյեմբերի 16-ին գերեվարված ևս 10 զինծառայողներ։

Նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվել էր։

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց,  որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի հետևանքով թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։ Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չճշտված տվյալներով` ունենք 6 հաստատված զոհ, 24+8 գերեվարված։

Նույն օրը ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան տեղափոխվեց նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից Տարոն Ջիվանի Սահակյանի մարմինը։