Իրանցի գեներալ․ Իսրայելի սպառնալիքներն Իրանի բազաներին անհնար են առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի

Իսրայելի սպառնալիքներն Իրանի միջուկային և ռազմական բազաներին անհնար են առանց ԱՄՆ-ի կանաչ լույսի։ Այս մասին հայտարարել է Խաթամ ​​ալ Անբիայի կենտրոնական շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, փոխանցում է Mehr-ը։

«Եթե նման սպառնալիքները գործնական դառնան, Իսլամական Հանրապետության զինված ուժերն անմիջապես և վճռականորեն կգրոհեն բոլոր կենտրոնները, հենակետերը, երթուղիները և տարածքները»,-ասել է նա։

Ավելի վաղ Իրանի անվտանգության ծառայության պաշտոնյան նախազգուշացրել էր Իրանի դեմ Իսրայելի «չարամիտ գործողությունների» մասին՝ Վիեննայում Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ «համեմատաբար հաջող» բանակցությունների ֆոնին:

«Եթե սիոնիստական ​​ռեժիմի նպատակն է վնասել Իրանի միջուկային օբյեկտներին, ապա դա անխուսափելիորեն բացասական և զսպող ազդեցություն կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ Իրանի համագործակցության վրա»,-ասել է նա, տեղեկացնում է News.am։